Հայաստանի իշխանությունները երկրի տարածքով որևէ մեկին որևէ միջանցք չեն տալու: Վլադիվոստոկի հայ համայնքի հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը կարող է սպառնալիք լինել Հայաստանի, մասնավորապես, Սյունիքի մարզի համար:
«Ճանապարհի բացումը ոչ մի սպառնալիք Հայաստանի և Սյունիքի մարզի համար չի ստեղծում։ Ընդհակառակը, դա կբերի անվտանգության և կայունության լրացուցիչ երաշխիքներ։ Այլ բան, որ ադրբեջանական խոսույթի մեջ երբեմն մտնում են արտահայտություններ, որոնք բացահայտում են որոշակի վտանգներ: Օրինակ, խոսում են միջանցքի մասին: Ես ուզում եմ շատ հստակ լինի, որ մենք ՀՀ տարածքով որևէ միջանցք որևէ մեկին չենք տալու:
Բայց մենք ճանապարհ տալու ենք և բացելու ենք, պատրաստ ենք դա անել ցանկացած պահի: Մենք նաև առաջարկներ ենք փոխանցել, ո՛ր պահին Ադրբեջանն այդ առաջարկներն ընդունի, արդեն այդ առաջարկների հիման վրա կարելի է կոնկրետ փաստաթուղթ ստորագրել և շատ արագ իրագործել այդ պայմանավորվածությունը: Եվ հավատացնում եմ, որ դա ոչ մի սպառնալիք չի ստեղծում»,- նշեց վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանն ուզում է, որ տարածաշրջանային կոմունիկացիաները բացվեն այնպես, որ Հայաստանը շարունակի մնալ շրջափակման մեջ: Դա սպառնալիք է, երբ ճանապարհը բացվի, ուրիշներն այդ կոմունիկացիաներից օգտվելու հնարավորություն ունենան, իսկ Հայաստանը չունենա, նշեց վարչապետը։