ՀԱՊԿ – ը փորձում է Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին լարվածության սրումը կարգավորել խաղաղ ճանապարհով, հայտարարել է Հայաստանում ՀԱՊԿ առաքելության առաջատար խմբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը:
«Այսօրվա հիմնական խնդիրն է եղել լինել այն տարածքներում, այն վայրերում, որտեղ տեղի են ունեցել բախումները՝ տեղանքի, բնակավայրերի, հայկական կողմի ստորաբաժանումների դիրքերի, որոնք կրակային խոցման են ենթարկվել», – նշել է առաքելության առաջնային խմբի ղեկավարը:
Նա ընդգծել է, որ առաքելության մասնակիցները փորձում են լինել «առավելագույնս օբյեկտիվ»: «Ուստի կաշխատենք փաստերով, առայժմ վաղ է խոսել ինչ-որ եզրակացությունների մասին, և ընդհանուր առմամբ դա աշխատանքի արդյունքների վերաբերյալ ընդհանուր տեղեկանքի մեջ կմտնի», – հավելել է գեներալը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ՀՀ կողմից զոհերի թիվը 135 է, սակայն սա վերջնական թիվ չէ։ ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը հայտնել է, որ հակառակորդը մխրճվել է Հայաստանի ինքնիշխան տարածք 8,5 կիլոմետր լայնությամբ ճակատով մինչև 7,5 կիլոմետր խորությամբ։ Ըստ նրա՝ ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներից 4,5 կմ տարածության վրա են՝ հավելելով, որ Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ ադրբեջանցիները մխրճվել են 1,5, Իշխանասարի ուղղությամբ՝ 0,5 կմ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ կառավարությունը ՀՀ տարածքի նկատմամբ ագրեսիայի առնչությամբ Կառավարությունն արդեն դիմել է ՌԴ-ին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին և ՀԱՊԿ-ին:
Սեպտեմբերի 15-ին «Հանրային» հ/ը-ի հետ զրույցում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել է, որ միջազգային հանրության ճնշման արդյունքում ադրբեջանական հնարավոր է եղել հասնել հրադադարի ռեժիմի։