Մինչև ՀԱՊԿ-ին դիմելը երկրի իշխանությունները պետք է երկրի ներսում մոբիլիզացիա իրականացնեին, բանակին թիկունք կանգնեին: Այս մասին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց Պն նախկին նախարար, «Հայաստան» դաշինքի պատգամավոր Սեյրան Օհանյանը՝ նշելով, որ նախկին իշխանությունները որոշակի ներդրում են ունեցել հենց ՀԱՊԿ-ի զարգացման համար:
«Տպավորություն է ստեղծվում , որ ՀՀ իշխանությունները նիրհում են իրենց բազկաթոռների վրա, օթյակներում կամ որոշները՝ դափնիների վրա, ուրիշներին էլ ասում են՝ եկեք մեր երկիրը պաշտպանեք»,- ասաց Օհանյանը՝ հավելելով, որ ոչ մի այլ երկրի զինվոր չի գալու մեր տարածքներում խրամատ փորի:
ՀՀ իշխանությունները չունեն իրավունք ասելու, թե կա զենքի խնդիր, կարծում է Օհանյանը: 44-օրյա պատերզմից հետո, ըստ պատգամավորի, պետք էր անցկացնել պաշտպանական ռազմական վերանայում, սակայն սպառազինության և զինտեխնիկայի խնդիրն այպիսին է, որ որևիցե մեկն այդ մասին հրապարակայնորեն չպետք է արտահայտվի:
«Եթե դու չունես սպառազինություն, ի՞նչ իրավունք ունես պարգևավճար ստանալու, ինչ իրավունք ունեն պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններն այդքան պարգևավճար ստանալու, ինչ իրավունք ունեն վերելակներ, գորգեր փոխելու, երբ ամբողջ խոսքը պետք է գնա սպառազինության ձեռքբերման մասին»,- ասաց Օհանյանը:
Նա երկու երաշխիք է տեսնում տևական խաղաղության հասնելու համար: Այդ երաշխիքներից առաջինն ազգայինն է՝ բանակը, միասնությունը, տնտեսությունը, ռազմավարական կամքը, երկրորդը, ըստ Օհանյանի, միջազգային երաշխիքներն են. լայն ընդգրկվածություն ունեցող արտաքին քաղաքականության շրջանակներում, բանակցային խելացի գործունեության իրականացումը: