Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանի հետ քննարկել է ստեղծված իրավիճակում կազմակերպության հետագա հնարավոր միջոցառումները։ Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Տեղի է ունեցել հանգամանալից քննարկում Հայաստանի Հանրապետության սահմանամերձ առանձին շրջաններում տիրող իրավիճակի վերաբերյալ ։
ՀԱՊԿ առաքելության ղեկավար Ստանիսլավ Զասը ժամանել է Հայաստան՝ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի սեպտեմբերի 13-ի արտահերթ նիստի որոշման համաձայն: Առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են:
Առաքելության վրա դրված են ստեղծված իրավիճակի գնահատման, տարածաշրջանում իրավիճակի վերաբերյալ ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին հանգամանալից զեկույց պատրաստելու և Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին առանձին շրջաններում առաջացած լարվածության ապաԷսկալացման վերաբերյալ առաջարկությունների մշակման խնդիրներ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: