ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, ով Հայաստանում է գտնվում որպես ՀԱՊԿ առաքելության ղեկավար, ուրբաթ օրը հանդիպել է ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վահե Գևորգյանի հետ:
«Կողմերը քննարկել են ստեղծված իրադրությունը եւ տարածաշրջանում լարվածության նվազեցմանն ուղղված քաղաքական-դիվանագիտական բնույթի անհրաժեշտ համատեղ միջոցները», – ասված է ՀԱՊԿ մամուլի կենտրոնի հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերից ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ գնդակոծում է Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերը: Ըստ ՀՀ ԱԽ հայտարարության՝ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 3 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: