ԱԻ նախկին նախարար Անդրանիկ Փիլոյանի քրեական գործի նախաքննությունն ավարտվել է։ Այս մասին հայտնում է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն։
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ բացահայտվել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնատար և այլ անձանց կողմից 2021-2022 թթ․ ընթացքում խոշոր չափերով կաշառք տալու, ստանալու, կաշառք ստանալուն օժանդակելու, ապօրինի վարձատրություն ստանալու և տալու դեպքեր, որոնցում ներգրավված են եղել Արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը և ԱԻ նախարարության աշխատակիցներ, այդ թվում` տարբեր ստորաբաժանումների ղեկավարներ և այլ անձինք:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին մեղադրանք է ներկայացվել: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Եվս 12 անձի, այդ թվում` ԱԻ նախարարության տարբեր պաշտոնյաների, մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով։ Գործի ախաքննությունն ավարտվել է: Քրեական վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ հանձնվել են հսկողություն իրականացնող դատախազին այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ:
Ավելի վաղ Armenia Today-ը հայտնել էր, որ Անդրանիկ Փիլոյանին կալանավորելու որոշման դեմ բողոք էր ներկայացվել։ Հավելենք նաև, որ ապրիլի 1-ին նախագահի հրամանագրով Անդրանիկ Փիլոյանն ազատվել էր ԱԻ նախարարի պաշտոնից։