Ուկրաինացի երգչուհիներ Աննա Սեդոկովան, Տաիսիա Պովալին և Անի Լորակը հայտնվել են Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի պատժամիջոցների նոր ցուցակում: ТАСС-ի փոխանցմամբ՝ այս մասին չորեքշաբթի հայտնել է ուկրաինական «Экономическая правда» պարբերականը։
Պարբերականի տեղեկություններով՝ ցուցակում, որը սեպտեմբերի 30 – ին հաստատվել է գերատեսչության կողմից, ընդգրկվել են «արտիստներ՝ Ուկրաինայի քաղաքացիներ Աննա Սեդոկովան, Ռեգինա Տոդորենկոն, Տաիսիա Պովալին, Անի Լորակը»:
Ավելի վաղ ուկրաինական «Зеркало недели» թերթը, վկայակոչելով իր աղբյուրին, հայտնել էր, որ պատժամիջոցների ցուցակում են հայտնվել ռուսաստանցի գործարարներ Օլեգ Դերիպասկան և Միխայիլ Ֆրիդմանը, Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ուկրաինացի քաղաքական գործիչ Վիկտոր Մեդվեդչուկը, ինչպես նաև Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունների (ԴԺՀ և ԼԺՀ), Զապորոժիեի և Խերսոնի մարզերի՝ Ռուսաստանի կազմի մեջ մտնելու վերաբերյալ հանրաքվեների կազմակերպիչները:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը որոշում է ընդունել պատժամիջոցներ սահմանել «Ռուսաստանի նշանակալի ֆիզիկական և իրավաբանական անձանց» դեմ, սակայն չի հստակեցրել, թե ով է ընդգրկվել այդ ցուցակում: ԱԱՊԽ քարտուղար Ալեքսեյ Դանիլովը հայտնել է, որ սեպտեմբերի 30-ին ընդունված ցանկում նշված են ռուսական բիզնեսի ներկայացուցիչների, ինչպես նաև ընկերությունների «հազարավոր ազգանուններ»:
ԱԱՊԽ-ի կողմից առաջարկված անձանց և ընկերությունների դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին հրամանագիրը պետք է ստորագրի Ուկրաինայի նախագահը:
Հոկտեմբերի 1-ին Ուկրաինայի Էկոնոմիկայի նախարարությունում հայտնել են, որ սահմանափակող միջոցները, որոնք երկրի ղեկավարությանը խորհուրդ է տվել ընդունել Ուկրաինայի ԱԱՊԽ-ն, տարածվում են ավելի քան 3,6 հազար մարդու վրա: Գերատեսչությունում նշել են, որ ցուցակում տեղ են գտել Ռուսաստանի բարձրագույն ղեկավարության ներկայացուցիչները, այդ թվում՝ նրանց ազգականներն ու մերձավոր շրջապատը, ՌԴ Զինված ուժերի հրամանատարությունը, տարածաշրջանների ղեկավարները, խոշոր ձեռնարկատերերը և արտիստները: