ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Աստանայում ընթացող ԱՊՀ գագաթնաժողովի շրջանակներում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևին հրավիրել է Ռուսաստանում, հայտնում է news.ru-ն՝ հղում անելով РИА Новости-ին։
«Ուրախ եմ հրավիրել և՛ Ադրբեջանի ղեկավարին, և՛ Հայաստանի վարչապետին: Դուք կարող եք պայմանավորվել ժամկետի շուրջ։ Դա կարող է լինել ցանկացած քաղաքում՝ Սոչի, Մոսկվա, Սանկտ Պետերբուրգ՝ ցանկացած տեղ, ցանկացած ժամանակ»,- ասել է նա։
Նա ընդգծել է, որ Մոսկվան միշտ անկեղծորեն ձգտել է լուծել ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ Ղարաբաղում։
Միաժամանակ, ՌԴ նախագահը ոչ կոռեկտ ու անընդունելի է անվանել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանն օգտագործում է ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկասում իրավիճակն ապակայունացնելու համար։
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 2-ին տված հարցազրույցում Ռուսաստանին մեղադրել էր Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջերս տեղի ունեցած բախումների նպատակամղված սադրանքի մեջ՝ կովկասյան տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս իրավիճակն ապակայունացնելու նպատակով: Մակրոնը հայտարարել է, որ Մոսկվան վերջին ամիսներին լարվածություն է հրահրել հօգուտ Ադրբեջանի։
Ռուսաստանի ԱԳՆ-ն Մակրոնի հայտարարություններն անվանել էր «աղաղակող և բացարձակապես անընդունելի»