Կիրակի օրը Մարսելում տեղի է ունեցել «Հիշողության մրցավազք»՝ ընդդեմ ցեղասպանության ժխտման, և ի պաշտպանություն Հայաստանի և Արցախի։ Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
էքս-Մարսել-Պրովանս մետրոպոլի նախագահ Մարտին Վասալը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ չեն կարող թույլ տալ հերթական ցեղասպանությունը։
«Փրկենք Հայաստանն ու Արցախը», սա այն ուղերձն է, որ ուզում ենք փոխանցել։ Երբեք չմոռանանք, որ 1915 թվականին Հայոց ցեղասպանությունը 1,500,000 մարդու կյանք խլեց թուրքական բարբարոսության արդյունքում։ Պատմությունն այս անգամ չպետք է կրկնվի Ադրբեջանի հետ, չենք կարող ասել, որ ոչինչ չգիտեինք»,- գրել է նա՝ տեղեկացնելով, որ մասնակցում է մրցավազքին:
Պատգամավոր Անն-Լորանս Պետելն էլ գրառմամբ տեղեկացրել է, որ ցանկանում է բարձրացնել հայ ժողովրդի ձայնը, դատապարտել Ադրբեջանի ագրեսիան և հարգանքի տուրք մատուցել մարդկային ոճրագործությունների և Ցեղասպանության անթիվ զոհերին:
Մրցավազքին մասնակցել են պատգամավորներ, քաղաքապետարանների ղեկավարներ, այլ հայտնի մարդիկ։ Վազքից հետո ելույթով հանդես է եկել Մարսելի քաղաքապետ Բենուա Պացանը։