Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, տեղի կունենա Ազգային ժողովի արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային: Այս մասին հայտնել են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:
Նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվելու է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միաժամանակ հրավիրված մեծ հանրահավաքի առջև:
Նիստից անմիջապես հետո ելույթները կշարունակվեն Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքում:
«Բոլորիդ հորդորում ենք մասնակցել հանրահավաքին՝ սեփական ճակատագիրը հայրենի հողում տնօրինելու մեր վճռականությունը միասնաբար հայտնելու նպատակով: Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, հանդիպման վայրը Վերածննդի հրապարակն է՝ 88-ի շարժման ոգով միասին մեր ձայնը բարձրացնելու»,-ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ այսօր մամուլը գրել էր, որ Արցախի քաղաքական դաշտում հոկտեմբերի 31-ին սպասվելիք Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանն ընդառաջ հուժկու ակցիա են նախապատրաստում, որի նպատակն է՝ լսելի դարձնել Արցախի ժողովրդի կամքը, այն է՝ ընդունել Ռուսաստանի առաջարկած տարբերակը, որով Արցախի հարցը թողնվում է հետագա բանակցություններին։
Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հաստատել է իր մասնակցությունը Սոչիում նախատեսված Պուտին-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպմանը։