Միայն այն փաստը, որ տասնյակ հազարավոր արցախցիներ այսօր այստեղ են, արդեն պատգամ է մարդկությանը, միջազգային հանրությանը: Արցախի Վերածննդի հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ, դիմելով արցախցիներին, իր ելույթում ասաց ԱՀ ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը:
«Իսկապես մենք օրհասական ժամանակահատված ենք ապրում: Մենք առերեսվում ենք գոյաբանական վտանգների: Ոչ միայն Արցախը, այլև մայր Հայաստանը, Սփյուռքն են առերեսվում նմանատիպ գոյաբանական վտանգների: Նրանց ապագան մեծապես կախված է արցախցուց, Արցախից»-ասաց Դ. Բաբայանը՝ կոչ անելով անտարբեր չլինել, որը կարող է կործանարար լինել:
«Կլինի հաղթանակ, թե պարտություն, կախված է յուրաքանչյուրիցս: Պետք է լինենք սկզբունքային, տեղ տանք արհեստավարժությանը, հայրենասիրությանը: Մեզ համար անընդունելի է ցանկացած առաջարկ, ցանկացած փաստաթուղթ, որտեղ Արցախը կդիտարկվի որպես Ադրբեջանի մաս: Ցանկացած նման առաջարկ մենք մերժելու ենք: Եթե տարբեր երկրներից մեզ նման առաջարկ ներկայացնեն, այն որպես միջազգային իրավունքի կոպտագույն խախտում ենք դիտարկելու»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի քաղաքական բոլոր ուժերի նախաձեռնությամբ այսօր՝ հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ից, տեղի է ունենավ Ազգային ժողովի արտահերթ նիստ և հանրահավաք՝ նվիրված Արցախի Հանրապետության արժանապատիվ ու անվտանգ ապագային: Ինչպես ավելի վաղ էր հայտարարվել, նիստն ուղիղ հեռարձակմամբ ցուցադրվեց Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում միաժամանակ հրավիրված մեծ հանրահավաքի առջև: ԱՀ-ն հայատարություն ընդունեց՝ ընդգծելով, որ Արցախը երբեք չի եղել և չի լինելու անկախ Ադրբեջանի կազմում:
Հանրահավաքն ու ԱԺ արտահերթ նիստը վաղը Սոչիում սպասվելիք Փաշինյան-Պուտին-Ալիև եռակողմ հանդիպմանն ընդառաջ են: