ՀՀ-ում Արցախի ներկայացուցչությունը պարզաբանում է տարածել ներկայացուցչության աշխատակից Ա․Հ․-ի կողմից պետական դավաճանություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ:
«Դատախազության կողմից հրապարակված տեղեկությունը վերաբերում է 2022թ. մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության աշխատակից Ա․Հ․-ի կողմից պետական դավաճանություն կատարելու ենթադրյալ դեպքի առթիվ ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարուցված քրեական գործին, որի նախաքննության ավարտի ու մեղադրական եզրակացությամբ դատախազություն ուղարկելու մասին հաղորդել էր նաև ԱՀ Քննչական կոմիտեն»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ըստ Ներկայացուցչության՝ իրենք ևս մասնակից են եղել դեպքի բացահայտմանը։
Հիշեցնենք, որ, ըստ Արցախի դատախազության, գործով իրականացված նախաքննության արդյունքների հիման վրա ԱՀ քննչական կոմիտեի քննիչի կողմից Արցախի քաղաքացի Ա.Հ.-ն որպես մեղադրյալ է ներգրավվել ԱՀ քրեական օրենսգրքի 310-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված ենթադրյալ հանցագործության կատարման համար, քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան: