ՀՀ Գլխավոր դատախազությունը ուսումնասիրություններ է իրականացրել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2017 թվականի ընթացքում 2 տարբեր ընկերություններից «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի կարիքների համար ձեռք բերված 51 մլն 900 հազար դրամի բժշկական սարքավորումների, 9 մլն 245 հազար 300 դրամի էլեկտրական տեխնիկայի և 34 մլն դրամի երկու ավտոմեքենայի առնչությամբ:
Ուսումնասիրությամբ արձանագրվել է, որ Նախարարության պաշտոնատար անձինք 2017 թվականի ընթացքում, պաշտոնեական դիրքը օգտագործելով, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի հասնող շուրջ 17 մլն 509 հազար 976 դրամ գումարը յուրացրել կամ վատնել են՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:
«Մասնավորապես, ձեռք բերված 4 մլն 670 հազար դրամ արժողությամբ բժշկական սարքավորումը` «Ուլտրաձայնային սոնոգրաֆիկ ապարատը», գնման օրվանից՝ 2017 թվականից, չի շահագործվել: Ավելին, Առողջապահության նախարարության կողմից տրված լիցենզիայի համաձայն՝ ՊՈԱԿ-ը նշված սարքավորմամբ բժշկական հետազոտություններ իրականացնելու թույլտվություն չի ունեցել:
Բացի այդ, ձեռք են բերվել էլեկտրական կառավարմամբ բժշկական 72 մահճակալ՝ մեկ միավորի արժեքը 500 հազար դրամ (ընդհանուր՝ 36 մլն դրամ) և նույն քանակով բժշկական մահճակալի ներքնակ՝ մեկ միավորի արժեքը 58 հազար 333 դրամ (ընդհանուր՝ 4 մլն 200 հազար դրամ): Պայմանագրի տեխնիկական բնութագրի համաձայն՝ մահճակալի «Ձգման կանգնակի թույլատրելի ծանրաբեռնունակությունը՝ 110 կգ է», իսկ ներքնակի բեռնունակությունը՝ 125 կգ: Մինչդեռ, համացանցի բաց աղբյուրների տվյալների համաձայն՝ նմանատիպ էլեկտրական կառավարմամբ մահճակալը ներքնակով, շուրջ երկու անգամ ավել՝ 280 կգ առավելագույն անրաբեռնունակությամբ, առաջարկվում է ընդամենը 380 հազար դրամ նախահաշվային գնով (գնի տարբերությունը 72 մահճակալի դեպքում՝ 12 մլն 839 հազար 976 դրամ):
Պայմանագրերով 9 մլն 245 հազար 300 դրամ արժեքով մատակարարված 14 անուն էլեկտրական տեխնիկայից 6-ը և «Նիսան Ուրվան» մակնիշի 2 ավտոմեքենաները՝ 34 մլն դրամ ընդհանուր արժեքով չեն համապատասխանել պայմանագրերի տեխնիկական բնութագրերի պահանջներին, սակայն ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձինք, չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2017 թվականին պատվիրատուի և մատակարարի հետ կազմել են իրականությանը չհամապատասխանող հանձնման-ընդունման կեղծ ակտեր՝ արձանագրելով, որ նախատեսված մատակարարումները համապատասխանում են պայմանագրով ամրագրված տեխնիկական բնութագրերին»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ուսումնասիրությամբ նաև պարզվել է, որ ֆինանսների նախարարության ֆինանսաբյուջետային վերահսկողության վարչությունը 2022 թվականին ստուգումներ է իրականացրել «Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ում և պարզել, որ 2020 թվականին պետական բյուջե վերադարձման ենթակա 10 մլն դրամը որպես պարգևավճար հատկացվել է տնօրենին և վարչական անձնակազմին՝ պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս:
Արձանագրվել է նաև, որ 2018 թվականին ՊՈԱԿ-ի ճաշացուցակներով դուրս գրված 83 մլն 395 հազար 200 դրամի սննդամթերքի փոխարեն հաշվապահական հաշվառման տվյալներով դուրս է գրվել 85 մլն 814 հազար 300 դրամի սննդամթերք՝ 2 մլն 419 հազար 100 դրամով ավելի:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ Գլխավոր դատախազությունը հանցանքի մասին հաղորդում է ներկայացրել Հակակոռուպցիոն կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու նպատակով: