Իրանա-հայկական շփումների վերաբերյալ Բաքվի անհանգստության պատճառներն անհասկանալի են։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին՝ մեկնաբանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարությունները, որոնցում նա մտահոգություն է հայտնում Իրանի և Հայաստանի հարաբերությունների վերաբերյալ, գրում է Tasnim-ը։
Նրա խոսքով՝ Թեհրանի սերտ հարաբերությունները կոնկրետ հարևանի հետ չեն վնասում մեկ այլ հարևան պետության։ Իրանի քաղաքականությունը հիմնված է բարիդրացիական և բոլոր հարևանների հետ հարաբերությունների ընդլայնման սկզբունքների վրա, իսկ Երևանի հետ Թեհրանի կապերի ամրապնդումը չի նշանակում, որ այդ հարաբերություններն ուղղված են մեկ այլ հարևան պետության դեմ, ասել է Քանանին։
Նա նաև ընդգծել է, որ Իրանը միշտ սկզբունքային դիրքորոշում է որդեգրել Ղարաբաղյան հակամարտության հարցում։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը մշտապես ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի տարածքային ամբողջականության պաշտպանությունը և ընդգծել հակամարտության խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը»,- ասել է նա։
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի խոսքով՝ արդեն երկու տարի է՝ Ադրբեջանի և Հայաստանի պաշտոնյաները տարբեր մակարդակներով երկկողմ և բազմակողմ հանդիպումներ են անցկացնում, և Իրանն աջակցում է այդ երկրների՝ խաղաղության հասնելու ջանքերին։
Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը մեկնաբանել է նաև Իրանի Զինված ուժերի վերջին զորավարժությունները Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին՝ նշելով, որ դրանք նախապես ծրագրված են եղել, և այդ մասին պաշտոնական խողովակներով տեղեկացվել են հարևան երկրները։
«Կովկասյան տարածաշրջանի խնդիրների լուծումը ոչ թե արտատարածաշրջանային ուժերին դիմելն է, այլ տարածաշրջանի երկրների մայրաքաղաքներին, և Իսլամական Հանրապետությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ նպաստելու երկու հյուսիսային հարևանների միջև առկա բոլոր չլուծված խնդիրների կարգավորմանը երկկողմ և եռակողմ ձևաչափերով, ինչպես նաև Թեհրանում վեցակողմ տարածաշրջանային նախաձեռնությունների շրջանակներում»,- ամփոփել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահը դիմել էր այն երկրներին, որոնք, ըստ նրա, աջակցություն են ցուցաբերում Հայաստանին և զորավարժություններ անցկացնում Ադրբեջանի հետ սահմանին։ «Եթե պետք լինի, մենք կհասնենք մեր ուզածին, դա բոլորը գիտեն, և թող իմանան նրանք, ովքեր զորավարժություններ են անցկացնում ի պաշտպանություն Հայաստանի՝ մեր սահմանին»,- ասել էր նա։
Վերջին շաբաթներին Բաքվի և Թեհրանի միջև լարվածությունը սրվում է։ Հայաստանի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո Թեհրանը ամենաբարձր մակարդակով բազմիցս հայտարարել է, որ Իրանի կողմից տարածաշրջանում սահմանների փոփոխությունն անընդունելի է։ Հոկտեմբերի 21-ին Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացման արարողության ժամանակ հայտարարել էր, որ Իրանը Հայաստանի անվտանգությունը համարում է իր անվտանգությունը։
Թեմային օրերս անդրադարձել է National Interest-ը՝ նշելով, որ Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանի այցը Հայաստան և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժություններն Արաքս գետի ափին ազդարարում են տարածաշրջանում Իրանի ռազմավարության փոփոխության մասին։ Արաքս գետի վրա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զորավարժությունները, ըստ National Interest-ի, արտացոլում են Իրանի երկու հրատապ խնդիր. առաջինը կապված է «Զանգեզուրի միջանցքի» հետ, որը կարող է խոչընդոտներ ստեղծել իրանա-հայկական սահմանին, երկրորդը՝ Իսրայելի ներկայության հետ Կովկասում և Կենտրոնական Ասիայում։