Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում են Արցախից տեղահանվածներին բնակարանով ապահովելու հարցերը, նրանց խնդիրները:
Տեղահանվածներից Վրեժ Հարությունյանը, պատմական ակնարկ կատարելով Քաշաթաղի շրջանի խնդիրներին, ասաց, որ ի սկզբանե ղեկավարությունը շահագրգռված չէր այդ հողերը պահելուն՝ ասաց նա և նշեց, որ մեր երեք նախագահներն էլ պատրաստ են եղել այդ հողերը հանձնելուն:
Նա նշեց, որ միջազգային կառույցներում տեղյակ չեն, որ Քաշաթաղը վերաբնակեցնում են. «Ստացվում է՝ ապօրինաբար մնացածներն ենք: Տեղի է ունեցել ապօրինի վերաբնակեցում, իսկ նպատակը փողերի լվացումն է եղել»,- ասաց նա:
Անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության վարչապետի ստորագրությանը ներկայացրած որոշմանը՝ տեղահանվածն այն խայտառակ որակեց և ասաց, որ 17 կետով խախտված է ՀՀ սահմանադրությունը:
«Քաշաթաղցիներին թվում էր, որ իրենք հերոսներ էր, հիմա կարծես շինարարական գործիք են, գցել են աղբանոց»,- ասաց նա:
Խոսելով բնակարանների ապահովման խնդրի մասին՝ նա ասաց, որ 18 հազար քաղաքացի բնակարանի խնդիր ունի, իսկ նախարարության կողմից տրվող սերտիֆիկատները համարում են «սև թուղթ»: Նա նշեց, որ 8-10 միլիոն դրամով չեն կարող գնել բնակարան:
«Սոցապ նախարարությունն առաջարկում է տեղափոխվել սահմանամերձ գոտիներ, ի՞նչ է նշանակում ծակ գրպանով քաշաթաղցին սահմանամերձ գոտում, սահմա՞ն է պահում, թե՞ թնդանոթի միս եք ավելացնում»,- ասաց նա և նշեց, որ ի սկզբանե է եղել խտրականություն քաշաթաղցու և արցախցու միջև:
Ըստ Արցախի պատասխանատուի՝ երեկվա տվյալներով 2331 ընտանիքի՝ 8708 բնակչով, տրամադրվել է սերտիֆիկատ:
Հիշեցնենք՝ Ադրբեջանը ռուս խաղաղապահների միջոցով տեղեկացրել էր, որ մինչև օգոստոսի 25-ը Քաշաթաղի շրջանի Լաչին քաղաքի, Աղավնո և Ներքին Սուս գյուղի բնակիչները լքեն իրենց տները։ Ադրբեջանական կողմն այս պահանջը ներկայացրել էր Հայաստանն Արցախին կապող նոր ճանապարհի՝ իր հատվածի շինարարությունն ավարտելու պատճառաբանությամբ։