Իրանի և Ադրբեջանի արհեստածին կազմավորման միջև հակասությունների կծիկն այնքան մեծ է և բազմակի հանգույցներ ունեցող, որ, ըստ էության, այդ խնդիրները լուծումներ չունեն: Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեի` Իրանի արտգործնախարարություն կանչվելուն՝ Ադրբեջանում տարվող հակաիրանական քարոզչության և ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյաների կողմից Թեհրանի հասցեին արվող ոչ բարեկամական հայտարարությունների ֆոնին:
Վարդան Ոսկանյանը նշեց, որ Ադրբեջանի ինքնության առանցքը հակաիրանականությունն է, հետևաբար այս առանցքը դուրս բերելու պարագայում ստացվում է, որ ադրբեջանական ինքնություն գոյություն չունի: Նա ասաց, որ Իրան-Ադրբեջան խնդիրները միշտ առկա են լինելու՝ մշակութային, պատմական, քաղաքական տիրույթներում:
«Իրանի հետ հակասություններն այնքան խորն են ու բազմաշերտ, որ դրանք կարող են լուծվել միայն մեկ պարագայում, երբ Ադրբեջան անունով արհեստածին կազմավորումը դադարի գոյություն ունենալ: Մենք այս պահին ականատես ենք Իրան-Ադրբեջան հարաբերություններում հերթական լարմանը, դա արտահայտվում է քարոզչական տիրույթում, Իրանի վրա պանթյուրքական հարձակումներով և հակաիրանական հիստերիայով, ինչը չի կարող անտարբեր թողնել Իրանին, և իրանցիներն էլ իրենց ունեցած ողջ գործիքակազմով պատասխանում են»,- ասաց նա:
Վարդան Ոսկանյանը նկատեց, որ Ադրբեջանի լկտի և սանձարձակ վարքագիծը շատ ավելի նկատելի է դարձել հատկապես 44-օրյա պատերազմից հետո, երբ Բաքվի բռնապետն էյֆորիկ պոռթկման մեջ փորձ է կատարում իր մաղձը թափել ոչ միայն Հայաստանի և Արցախի Հանրապետությունների վրա, այլ նաև Իրանի Իսլամական Հանրապետության:
«Այդ հակասությունները լուծում չունեն, հետևաբար մենք միշտ ականատես ենք լինելու հարաբերությունների թվացյալ նորմալացման, բայց մշտապես նաև լարվածության աճի, և այդ լարվածությունն արդեն արտահայտվում է զորավարժությունների տեսքով»,- ասաց նա:
Անդրադառնալով Եմ դիտորդների առկայությանը Հայաստանի սահմաններում և հարցին, թե դա որքա՞ն է Իրանին անհանգստացնում, առավել ևս՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ այլ դերակատարների ներկայությունն է անհանգստացնում Իրանին մեր տարածաշրջանում, և այդ դերակատարներն ամենևին էլ Հայաստանի Հանրապետության տարածքում չեն, Վարդան Ոսկանյանն ասաց, որ դրա վերաբերյալ պաշտոնական արձագանք է եղել և գուցե Նիկոլ Փաշինյանը նկատի է ունեցել Իսրայելի ներկայությանը:
Ըստ իրանագետի՝ Իրանը և Ադրբեջանը չունեն խորը մշակութային կապեր: «Ադրբեջանն իրանական տարածք է, մենք գործ ունենք մի տարածքի հետ, որն իր էությամբ, բնույթով պատմականորեն եղել է Իրանի մշակույթի կենտրոններից մեկը և հետագայում արհեստականորեն թյուրքականացվել է: Եթե խոսքը վերաբերում է կրոնական ընդհանրություններին, ապա Ադրբեջանը շիայական բնակչության մեծամասնություն ունեցող պետություններից մեկն է, բայց Ադրբեջանի ներսում այժմ իշխող բռնապետական վարչախումբն իր էությամբ հակաշիայական է, որը բռնաճնշումների է ենթարկում շիա հավատացյալների զանազան խմբերի և, ըստ էության, մենք կարող ենք այս բռնապետական վարչախումբը բնորոշել որպես հակաշիայական վարչախումբ»,- ասաց նա:
Ինչ վերաբերում է տնտեսական հարաբերություններին, ապա Վարդան Ոսկանյանն ասաց, որ Իրանը փորձում է օգտագործել իր ունեցած ողջ գործիքակազմը՝ Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ներսում ընթացող գործընթացների վրա ազդելու համար:
«Այդ գործիքակազմն իր մեջ ներառում է թե´ թխվածքաբլիթը, թե´ մտրակը, հետևաբար տնտեսական հարաբերությունների համատեքստն իրանական կողմից դիտարկվում է որպես քաղցրաբլիթ, բայց, միևնույն ժամանակ, պետք է նշել, որ Իրանի վերջնական նպատակն Ադրբեջան կոչվող արհեստածին կազմավորման ներսում իրանական ներկայիս պետականության մոդելի կիրառումն է, բայց միայն դրանով չէ, որ Իրանն առաջնորդվում է: Իրանի քարոզչական տիրույթից էլ նկատելի է, որ Իրանի կողմից տարվում է Ադրբեջան կոչվող քաղցկեղային գոյացության ներսում իրանալեզու ժողովուրդներին աջակցություն, ինչպիսիք թալիշներն են»,- ասաց նա:
Իրանագետը շեշտեց, որ Ադրբեջանն իր բնույթով քարտեզի վրա հայտնվելու օրվանից ձևավորվել է որպես արհեստածին կոնստրուկտ, որն իր գոյության առանցքում ունի հակաիրանականություն, այդ առանցքներից մյուսը՝ հակահայկանությունն է և երրորդը՝ հակառուսականությունը: Ըստ նրա` մեր դաշնակից ՌԴ-ն և մեր բարեկամ պետություն Իրանը հստակորեն գիտակցում են այս հանգամանքը:
«Սա լայն հնարավորություններ է բացում Հայաստանի առաջ՝ դառնալու յուրատեսակ հարթակ, որտեղ կարող է ձևավորվել եռակողմ համագործակցություն՝ Հայաստան-Իրան-Ռուսաստան ձևաչափով կամ երկկողմ ձևաչափով: Այդ համագործակցությունը, բնականաբար, պետք է դիվանագիտական լեզվով ունենա այլ ձևակերպում, բայց իր խորքում միտված լինի մեկ խնդրի լուծման՝ մեր տարածաշրջանում Ադրբեջան կոչվող քաղցկեղային գոյացության, ըստ էության, բնական վիճակին վերադարձը, ինչը նշանակում այդպիսի անվանումով և այդպիսի սահմաններով պետության գոյության դադերեցում, ինչը բխում է թե´ Հայաստանի, թե´ Իրանի շահերից: Ակնհայտ է, որ հատկապես հաշվի առնելով պանթյուրքական նկրտումները` Ադրբեջան կոչվող այս կազմավորումը մշտապես լինելու է հակաիրանականության, հակահայկականության և հակառուսականության պատվար»,- ասաց նա: