«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դեռ անգործ է: Օրաթերթն իր լավատեղյակ աղբյուրներից տեղեկացավ, որ Արթուր Դավթյանն Արցախի իշխանությունների հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել Արցախում պաշտոնավարելու: Այսինքն՝ նախկին դատախազը պատրաստ է մշտական բնակության վայրը փոխել եւ մեկնել Արցախ: Սակայն այս պահի դրությամբ դեռ որոշված չէ՝ որտեղ հնարավոր կլինի օգտագործել իրավաբանական գիտելիքներ ունեցող Արթուր Դավթյանի պոտենցիալը: Կամ արդյո՞ք Դավթյանի առաջարկն ընդհանրապես կընդունվի, եւ նա պաշտոն կստանա Արցախում:
«Ժողովուրդ» օրաթերթը, իհարկե, փորձեց Արթուր Դավթյանից մեկնաբանություն ստանալ այս թեմայի առնչությամբ, սակայն նա համառորեն չպատասխանեց մեր հաղորդագրություններին»:
Թերթը իշեցնում է, որ այս ամսվա սկզբին գործարար Ռուբեն Վարդանյանը նշանակվեց Արցախի Պետական նախարար, եւ ողջ կառավարումը, բացի ուժային հատվածից, իրականացնելու է Մոսկվայից Ստեփանակերտ մեկնած Ռուբեն Վարդանյանը: Ուժային կառույցների վերահսկողությունը շարունակում է մնալ Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի վերահսկողության տակ: