Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրմանը վերաբերող հարցեր:
Վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ խորհրդակցությանը մասնակցել են փոխվարչապետներ՝ Մհեր Գրիգորյանը և Համբարձում Մաթևոսյանը, շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարները, Ազգային ժողովի գլխադասային հանձնաժողովների նախագահները և պաշտոնատար այլ անձինք:
Քննարկվել են Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրման ուղղությամբ մինչ այժմ իրականացված քայլերն ու առաջիկայում նախատեսվող ծրագրերը: Մասնավորապես, մտքեր են փոխանակվել համակարգի գործունեության, հայտարարագրման գործընթացի հնարավորինս պարզեցման և այլ հարցերի շուրջ:
Վարչապետը կարևորել է վերոնշյալ ինստիտուտի ներդրումը և ընդգծել, որ այն պետության և քաղաքացու հարաբերություններում ունենալու է առանցքային նշանակություն: Նիկոլ Փաշինյանը համոզմունք է հայտնել, որ Համընդհանուր հայտարարագրման համակարգի ներդրումը նպաստելու է ոչ միայն թափանցիկության ապահովմանը, մարդկային կապիտալի զարգացմանը, այլ նաև ունենալու է էական հակակոռուպցիոն էֆեկտ:
Նշենք, որ Armenia Today-ի հետ զրույցում Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը նշել էր, որ եկամուտների համընդհանուր հայտարագրման համակարգից բոլորը կշահեն, եթե այն խելամիտ կիրառվի: