ԿՄի շարք անավարտ շինություններ ավարտին հասցնելու հարցում կարգապահության բարձրացման նպատակով բարձրացվում է շինթույլտվություն ստանալու կամ այն երկարաձգելու համար տեղական տուրքի դրույքաչափը: Որոշումն ընդունվեց դեկտեմբերի 1-ին կառավարության նիստի ժամանակ։
Ինչպես նախագծի փաթեթը ներկայացնելիս ասաց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ երկար քննարկումներ են ունեցել և՛ կոմիտեներում, և՛ կառուցապատողների հետ։
Երկրորդ՝ անավարտ շինություններն ավարտին չհասցնելու հիմնական պատճառներից մեկը շինթույլտվության տեղական տուրքի դրույքաչափերի ցածր լինելն է: Երևանում, օրինակ, ցանկացած գոտում 5 հազար ք/կմ շինության համար տեղական տուրքի դրույքաչափը կարող է կազմել 500 հազար դրամ:
«Մենք առաջարկում ենք երկու կարգավորումներ այս առնչությամբ: Առաջինն այն է, որ առաջարկվում ենք այդ տուրքի դրույքաչափը բարձրացնել՝ տարբերակելով ըստ գոտիականության: Այդ բարձրացումը կարող է կազմել երկուսից մինչև տաս անգամ: Այսինքն՝ Երևանի առաջինից չորրորդ գոտիներում շինարարական թույլտվություն ստանալու համար 5 հազար ք/կմ շինություն կառուցելու դեպքում թույլտվություն ստանալու համար տեղական տուրքի դրույքաչափը կկազմի ոչ թե 500 հազար դրամ, այլ 5 միլիոն դրամ»,- ասաց Խաչատրյանը:
Նախագծերի փաթեթով նախատեսվում է նաև, որ սահմանված ժամկետին շինարարությունը ավարտին չհասցնելու դեպքում, երբ երկրորդ կամ երրորդ անգամ դիմեն շինարարության ժամկետը երկարաձգելու համար, պետք է վճարեն ավելի բարձր դրույքաչափով տեղական տուրք, քան առաջին անգամ շինարարական թույլտվություն ստանալու համար նախատեսված տեղական տուրքի դրույքաչափն է:
Ինչպես իր հերթին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հաճախ ականատես ենք լինում դեպքերի, երբ որևէ տեղում շինարարական փոս է ստեղծվում և վերջ․ դրանով ավարտվում է: Այն մնում է տարիներով, նույնիսկ՝ տասնամյակներով: Դա դիտվում է որպես նորմալ երևույթ, ոչ ոք չի արձանագրում, որ անհարգալից վերաբերմունք է հանրության նկատմամբ, անհարմարություններ է ստեղծում, խաթարում միջավայրի գեղագիտական տեսքը՝ սրանից բխող հետևանքներով:
«Նախագծով առաջարկում ենք՝ շինթույլտվությունն ավարտվել է, դրանից հետո այլ կարգի կարգավորումներ են, և գույքային հարկ պետք է վճարվի, և շինթույլտվությունը երկրորդ անգամ երկարացնելու համար պետք է արդեն այլ դրույքաչափերով վճարումներ արվեն»,- ասաց Փաշինյանը:
Փաշինյանը նաև մեկ հետաքրքիր բան նկատեց․ ինքնակամ շինությունները չեն հարկվում և ոչ է քանդվում են։ Այսպիսով՝ ըստ Փաշինյանի՝ կարգավորումներն այնպիսին են, որ ինքնակամ շինություն ունենալն ավելի ձեռնտու է, քան օրինական։