Արդեն երկրորդ օրն է՝ Արցախի Հանրապետության 120 հազար բնակիչ հայտնվել է շրջափակման մեջ, շուրջ 1100 մարդ մնացել է ճանապարհին, 270 երեխա չի կարողանում միանալ ընտանիքներին: Արդեն երկրորդն օրն է՝ Ադրբեջանը շարունակում է շրջափակման մեջ պահել Արցախը:
Armenia Today-ի նկարահանող խումբն այսօր եղել է Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհին, որտեղից մեր քաղաքացիները չեն կարողանում հասնել իրենց տներ։ Նրանց մի մասը ժամանակավորապես գտնվում է Սյունիքի մարզում:
Ճանապարհը փակելու փաստից վրդովված քաղաքացիներից մեկը, որը ևս Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին է մնացել, Armenia Today-ի հետ զրույցում նշեց. «Սա դիվերսիա է, բնապահպանական որևէ հարց չկա»:
Հավելենք, որ Հայաստանում և Արցախում այսօր անվտանգության խորհուրդների նիստեր են անցկացվել: Արցախի ԱԺ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ՀՀ իշխանություններին քայլեր ձեռնարկել: Արցախում ստեղծվել է օպերատիվ շտաբ: Սյունիքում՝ թեժ գիծ:
Այդուհանդերձ, քաղաքացիներից ոմանք դժվարությամբ են հավատում, որ պաշտոնյաներն իրենց կօգնեն:
«Ուզում ենք հասկանալ, գոնե պաշտոնյաներից ժողովրդի մասին մտածող մարդ մնացե՞լ է, թե՞ չէ: Արդեն կասկածում եմ, որ նման մարդ կա, մոտ ապագայում չի էլ լինելու: Եթե սրանք են մեր ղեկավարները, ժողովուրդը կշարունակի տուժել»,-մեզ հետ զրույցում ասաց քաղաքացիներից մեկը:
Միևնույն ժամանակ, հույսը չեն կորցնում, որ շուտով ճանապարհը կբացվի:
«Սպասում ենք ճանապարհը բացեն, մենք էլ գնանք ու մեր ճանապարհը շարունակենք: Մեզ խոստացել են, որ շուտով ճանապարհը կբացվի: Անգամ պատրաստ ենք երկար ժամանակով սպասել»,-ասաց քաղաքացիներից մեկը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ժամը 10։30-ի սահմաններում, մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի:
Արցախի ժողովուրդը կանգնած է հումանիտար աղետի առաջ. դադարեցված է սննդամթերքի, դեղորայքի, էներգակիների՝ մասնավորապես բենզինի, դիզվառելիքի մատակարարումն ամբողջ Արցախի տարածքում: Ավելին՝ Ադրբեջանը նաև սպառնում է, որ կվերացնի Ստեփանակերտից թռչող ցանկացած օբյեկտ:
Շրջափակման պատճառով հինգ ծանր հիվանդ արցախցիների տեղափոխումը Երևան անհնար է դարձել, նրանց կյանքին վտանգ է սպառնում:
Ընդհատվել է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ Շեն, Հին Շեն և Եղցահող գյուղերի տրանսպորտային կապը Ստեփանակերտի հետ։