Արցախի Հանրապետությունում վառելիքի և սննդի պաշարներն այս պահին բավարար են: Այս մասին Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ հայտնել են ԱՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությունից։
«Հաշվի առնելով Ադրբեջանի սադրիչ գործողություններն ու պարենային ինքնաբավության հետ կապված մարտահրավերները՝ համապատասխան կառույցները մշտապես զբաղվում են պարենային անվտանգության հարցերով և վերահսկում սննդի մատակարարման գործընթացը: Պետական լիազոր մարմինները համակարգում են աշխատանքները, որ ընկերությունները պահպանեն սոցիալական պատասխանատվությունը և չառաջանա անհիմն գնաճ»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Իրավիճակի զարգացումների վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի։ Հիշեցնենք, որ քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ, այսօր առավոտյան ժամը 10:30-ի հատվածում փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։
Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն այսօր հրատապ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Քաղպաշտպանության ոլորտում ընդգրկված գերատեսչությունների ղեկավարների և պատասխանատուների մասնակցությամբ: Վարդանյանը տեղեկացրել է, որ կառավարությունում իր ղեկավարությամբ կստեղծվի օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով:
Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։