Դեկտեմբերի 26-ի առավոտյան Երևանի Հանրապետության հրապարակից Ստեփանակերտի ուղղությամբ մեկնարկել է ավտոերթ, այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնում է ակցիայի կազմակերպիչ Սամվել Մովսիսյանը։
Ակցիայի նախաձեռնողները ավելի վաղ հայտարարել էին արցախցի երեխաներին ամանորյա նվերներ հանձնելու պլանների մասին։ Գորիսում մասնակիցներին կմիանան նաև արցախցիները, որոնք մնացել են Հայաստանի տարածքում ադրբեջանցիների կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով։
Ցուցարարները ցանկանում են բանակցություններ վարել ռուս խաղաղապահների հետ և պահանջել նրանցից անցում ապահովել Լաչինի միջանցքով։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:
Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: