Արցախում սահմանվել են հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ: Այս մասին համատասխան որոշում է ընդունել Արցախի Հանրապետության կառավարությունը:
«Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և ղեկավարվելով Արցախի Հանրապետության Նախագահի 2022 թվականի դեկտեմբերի 13-ի ՆՀ-1792-Ն հրամանագրի 3.1-ին կետով ու Արցախի Հանրապետության Նախագահի 2017 թվականի սեպտեմբերի 25-ի ՆՀ-108-Ն հրամանագրով սահմանված կարգի 6-րդ և 92-րդ կետերով` Արցախի Հանրապետության կառավարությունը որոշել է սահմանել հանրային սննդի ծառայությունների մատուցման սահմանափակումներ»,-ասված է որոշման մեջ:
Որոշումն ուժի մեջ է մտնում 2022 թվականի դեկտեմբերի 29-ին, ժամը 13.00-ին:
Այս որոշմամբ հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 15-ից ավելի անձանց մասնակցությամբ տոնական, ընտանեկան կամ անձնական այլ ճաշկերույթների կազմակերպումը և անցկացումը։ Հանրային սննդի օբյեկտներում արգելվում է 35-ից ավելի անձանց մասնակցությամբ սգո արարողությունների կազմակերպումը և անցկացումը։ Արգելվում է հանրային սննդի օբյեկտների գործունեությունը ժամը 23։00-ից հետո։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին:
Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի հարցով կայացել է նաև ՀՀ ԱԽ նիստ։ Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտությունը։
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: Ադրբեջանական կողմը դեկտեմբերի 13-ին փակել է Արցախի գազամատակարարումը։