Ադրբեջանական հատուկ ծառայությունները Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու համար ավտոբուսներ հատկացնելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում: Այս մասին հայտնում են Արցախի ԱԱԾ մամուլի ծառայությունից։
Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը, հետամուտ լինելով տեղեկատվական անվտանգության ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների և լիազորությունների իրականացմանը, իրազեկում է, որ ադրբեջանական հատուկ ծառայություններն օգտագործելով Արցախի Հանրապետության քաղաքացիների «Ֆեյսբուք»-յան էջեր Ստեփանակերտ քաղաքի բնակիչներին տարհանելու համար ավտոբուսներ հատկացնելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում։
Արցախի ԱԱԾ-ից կոչ են անում չտրվել կեղծ լուրերին և պահպանել հանգստություն:
«ԱՀ ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում:
Կասկածելի բովանդակությամբ տեղեկություններ ստանալու դեպքում դիմեք ԱՀ ԱԱԾ պաշտոնական կայքէջին կամ զանգահարեք թեժ գծի հեռախոսահամարներին՝ 047-94-41-26 և 41-26»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: