Այսօր Հայաստանի բոլոր եկեղեցիներում կմատուցվի Ճրագալույցի Սուրբ Պատարագ: Այս մասին տեղեկանում ենք qahana.am կայքից:
Քրիստոսի Ծնունդը ազդարարվել էր լույսով՝ Բեթղեհեմի երկնքում հայտնված աստղի միջոցով (այսօր երեկոյան եկեղեցուց բերված ճրագները, բացի աստվածային լույսից ու օրհնությունից, խորհրդանշում են նաև այս աստղը):
Երբ Հիսուս ծնվեց, տեսնելով աստղը՝ արևելքից մոգեր եկան Երուսաղեմ, որպեսզի երկրպագեն նրան: Նրանք իրենց հետ նվերներ էին բերել՝ ոսկի, կնդրուկ և զմուռս: Ոսկին նվիրեցին իբրև ինքնակալ և հաղթող թագավորի խորհրդանշան, կնդրուկը՝ իբրև մարդասեր ու երկնային Աստծո, իսկ զմուռսը՝ իբրև մեզ համար ինքնակամ զոհաբերվողի: Ուստի՝ Փրկչին խոնարհվեցին մարդկային իմաստությունը՝ հանձին մոգերի, անմեղությունն ու պարզությունը՝ հանձին հովիվների:
Քրիստոսի ծննդյան այս բարի լուրի մասին առաջինն իմացան հովիվները, որոնց Տիրոջ հրեշտակը հորդորեց. «Մի՛ վախեցեք, որովհետև ահա ձեզ մեծ ուրախություն եմ ավետում, որը ամբողջ ժողովրդինը կլինի. որովհետև այսօր Դավթի քաղաքում ձեզ համար ծնվեց մի Փրկիչ, որ օծյալ Տերն է» (Ղուկաս 2:10-11): Եվ հովիվները առաջինը արժանի եղան խոնարհվելու Նրան:
Ադամական մեղքից մաքրագործման համար լույս աշխարհ եկավ Քրիստոս՝ Փրկիչը, և նրա զոհաբերման և փրկագործման ուղին էլ հենց սկսվում է Նրա մարդեղությամբ՝ ծնունդով Սուրբ Կույսից։
Ուրեմն՝ թող որ Քրիստոսի Ծննդյան Լույսը՝ աստվածային օրհնությամբ հայտնվի բոլորիս տներում՝ վառված ճրագների տեսքով։ Եվ թող որ միմյանց ավետենք՝ «Քրիստոս ծնավ և հայտնեցավ»։
Հունվարի 5-ի երեկոյան Հայ առաքելական եկեղեցին սկսում է նշել Սուրբ Ծննդյան ու Աստվածահայտնության (Մկրտության) տոները, որը հինգ տաղավար տոներից է։ Նախկինում եկեղեցին Սուրբ ծննդյան ու Մկրտության տոները նշում էր միասին, բայց Արտեմոնը դեկտեմբերի 25-ը Քրիստոսի Ծննդյան տոն հռչակեց, իսկ հունվարի 6-ը` Մկրտության:
Հնագույն ավանդությանն ու ավետարանական հաշվարկներին հավատարիմ մնաց միայն Հայ առաքելական եկեղեցին` հունվարի 6-ին միասնաբար նշելով Քրիստոսի ծննդյան և Աստվածահայտնության տոները։