ՀԱՊԿ-ի առջև բարդ խնդիրներ են դրված աշխարհաքաղաքական խոշոր մարտահրավերների ֆոնին, սակայն դրա համար այլընտրանք չկա։ РИА новости-ի փոխանցմամբ՝ հայտարարել է ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:
«Աշխարհը ականատես է լինում աշխարհաքաղաքական խոշոր մարտահրավերների, և պետք է լուծել շատ բարդ քաղաքական, տնտեսական և այլ խնդիրներ։ Ոչ պակաս բարդ խնդիրներ կան նաև ՀԱՊԿ-ի առջև։ Այս բոլոր մարտահրավերներն ու խնդիրներն անդրադառնում են մեր կազմակերպության առանցքային դերին, հեղինակությանը և տարածաշրջանային անվտանգության ապահովման գործուն մեխանիզմ լինելու կարողությանը։ .. Խորապես համոզված եմ, որ ՀԱՊԿ-ի համար այլընտրանք չկա, այն ի վիճակի է լուծել այն խնդիրները, որոնք դրված են նրա վրա», – հայտարարել է Տասմագամբետովը՝ ելույթ ունենալով ՀԱՊԿ քարտուղարության և կազմակերպության Մշտական խորհրդի անդամների առջև:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում Տասմագամբետովի թեկնածությունն առաջադրվել է Ղազախստանի ղեկավարության կողմից և հաստատվել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի նոյեմբերի 23-ի որոշմամբ։ Նա պարտականությունները կկատարի երեք տարի՝ մինչև 2025 թվականի դեկտեմբերի 31-ը։
Իմանգալի Նուրգալիևիչ Տասմագամբետովը ծնվել է 1956 թվականին Ղազախստանի ԽՍՀ Գյուրևսկի շրջանի Նովոբոգատ գյուղում։ 1979 թվականին ավարտել է Պուշկինի անվան Ուրալի մանկավարժական ինստիտուտի բնաշխարհագրական ֆակուլտետը (այժմ՝ Մ.Ուտեմիսովի անվան Արևմտյան Ղազախստանի պետական համալսարան)՝ «աշխարհագրության և կենսաբանության ուսուցիչ» մասնագիտությամբ։ Աշխատել է որպես ուսուցիչ, այնուհետև՝ Ղազախստանի ԽՍՀ կոմունիստական երիտասարդական միության կառույցներում։ Անցել է շրջանային կոմիտեի բաժնի վարիչից մինչև Ղազախստանի Լենինյան կոմունիստական երիտասարդական միության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար։