Գերմանացի քաղցկեղով հիվանդը, որը ցողունային բջիջների փոխպատվաստման կարիք ունի, կարող է գոյատևելու հնարավորություն չստանալ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման պատճառով, հայտնում է Ոսկրածուծի դոնորների հայկական ռեեստրը (ABMDR):
Նրանք մանրամասնել են, որ հունվարի 10-ին Գերմանիայի Ոսկրածուծի դոնորների ազգային ռեգիստրն Արցախում հայտնաբերել է ցողունային բջիջների դոնոր, որը պոտենցիալ կարող է փրկել Գերմանիայում հիվանդի կյանքը։
«Հենց Արցախի բնակչին բացահայտել ենորպես պոտենցիալ դոնոր, գերմանական ռեգիստրը շտապ կապ է հաստատել Երևանում գտնվող ABMDR-ի հետ և խնդրել, որ դոնորի CT (արյան) նմուշը բերվի Գերմանիա՝ հաստատող տիպագրման համար՝ նախքան կյանք փրկող փոխպատվաստումը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Սակայն ամբողջ գործընթացը կանգ է առել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման պատճառով, որն Արցախը կապում է Հայաստանի հետ։
«Արցախում մեր պոտենցիալ դոնորը պատրաստ է արյան նմուշ հանձնել և ի վերջո նվիրաբերել իր ցողունային բջիջները՝ օգնելու փրկել Գերմանիայում հիվանդի կյանքը», – ասաց ABMDR-ի գործադիր տնօրեն, բժիշկ Սևակ Ավագյանը:
Նա ընդգծել է, որ շրջափակման պատճառով, որը շարունակվում է արդեն հինգ շաբաթ, իրենք ֆիզիկապես չեն կարողանում կապ հաստատել պոտենցիալ դոնորի հետ՝ արյան նմուշ վերցնելու համար։ «Նաև [դոնորը] չի կարողանա գալ Երևանի ABMDR լաբորատորիա՝ ցողունային բջիջների հավաքման ընթացակարգի, եթե հաստատվի և ընտրվի որպես դոնոր»,- ասել է Ավագյանը։
Ըստ ABMDR-ի նախագահ Ֆրիդա Ջորդանի, սա «բացարձակ ողբերգական իրավիճակ է, որը ցույց է տալիս, թե ինչպես է Ադրբեջանի շրջափակումն ազդում մեր համաշխարհային մարդասիրական աշխատանքի վրա»:
«Մենք այստեղ ենք, ունենք բոլոր միջոցները՝ օգնելու փրկել Գերմանիայում հիվանդի կյանքը, բայց մեզ անխղճորեն խանգարում են կատարել մեր աշխատանքը: Մինչ Գերմանիայում հիվանդը պայքարում է գոյատևման համար, հուսահատ սպասում է փոխպատվաստման, յուրաքանչյուր րոպեն կարևոր է»,- ասել է Ջորդանը:
Բժիշկ Ջորդանը հավելել է, որ իրենք դիմել են Միջազգային Կարմիր Խաչի օգնությանը՝ արցախցի դոնորից Գերմանիա տեղափոխելու CT սկան նմուշը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ, կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: