Վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ Երևանում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին հայտնում են Վարչապետի աշխատակազմի մամուլի ծառայությունից։
«Մենք բավականին դրական դինամիկա ունենք կառավարությունների միջև: Հաճույքով ուզում եմ նշել, որ անցած տարի հունվար-նոյեմբեր շրջանում առևտրաշրջանառությունն աճել է մոտավորապես 70 տոկոսով և գերազանցել է 1 մլրդ դոլարը: Իսկապես դա ողջունելի արդյունք է: Հայաստանը Վրաստանի համար դարձել է 6-րդ առևտրային գործընկերը: Թոփ տասնյակում Հայաստանը 6-րդ տեղում է, ինչը մեզ շատ է ուրախացնում»,-իր խոսքում նշել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին։
Վրաստանի կառավարության ղեկավարը նշել է նաև, որ Վրաստանը տարածաշրջանային համագործակցության հարթակ է ցանկանում ստեղծել։
«Ուզում եմ նշել նաև, որ մեր իշխանությունը, մեր երկիրը, մեր ժողովուրդը շահագրգռված ենք, որ տարածաշրջանում լինի երկարաժամկետ խաղաղություն: Այս նպատակով ուզում եմ նշել, որ մենք ունենք նախաձեռնություն խաղաղ հարևանության հարթակի ձևավորման համար: Տվյալ ձևաչափը չի փոխարինի այլ ձևաչափերի և այլ նախաձեռնությունների, հակառակը՝ դա կօգնի, էլ ավելի կհզորացնի հնարավորությունները, որ տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղություն և կայունություն հաստատվի:
Ուզում եմ մեկ անգամ ևս նշել, որ առանց կայունության և խաղաղության անհնար է հասնել հզոր, երկարաժամկետ տնտեսական վերելքի և մեր ժողովուրդների բարեկեցության»,-նշել է նա։