Ադրբեջանական կողմը կրկին ամբողջությամբ արգելափակել է Հայաստանից Արցախ մտնող միակ գազատար խողովակը։ Այս մասին հայտնում են ԱՀ տեղեկատվական շտաբից:
«Ցելսիուսի սանդղակով Արցախում -5 աստիճանի պայմաններում բնական գազի՝ վերջին օրերին արդեն որերորդ անգամ անջատումը մեկ անգամ ևս փաստում է, որ պաշտոնական Բաքուն Արցախի 120 հազար շրջափակման մեջ գտնվող խաղաղ բնակչության նկատմամբ, միջազգային հանրության թողտվության պայմաններում, վարում է բացահայտ ահաբեկչական քաղաքականություն։ Նշենք, որ ավելի վաղ՝ հունվարի 9-ին, ադրբեջանական կողմի միջամտությամբ խափանվել է նաև Գորիս-Ստեփանակերտ 110 ԿՎ բարձրավոլտ միակ գիծը՝ Արցախի բնակիչներին զրկելով նաև էլեկտրական հոսանքի կայուն մատակարարման հնարավորությունից»,-ասված է հաղորդագրության մեջ:
ԱՀ տեղեկատվական շտաբից հայտնում են, որ եղանակային առկա պայմաններում էլեկտրաէներգիայի մատակարարումն իրականացվում է Արցախի ներքին սահմանափակ ռեսուրսների հաշվին՝ օրական արդեն 6 ժամ տևողությամբ հովհարային անջատումներով, ինչը շարունակաբար աճելու միտում ունի։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ի առավոտյան ժամը 10:30–ից ընդհատված է Շուշիի շրջանի Լիսագոր, Մեծ շեն, Հին շեն և Եղցահող գյուղերի կապը մայրաքաղաք Ստեփանակերտի հետ։ Քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել նամակով դիմել ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը: Հայաստանը հայտարարել է ԼՂ հայերի իրավունքների ապահովման միջազգային մեխանիզմների գործարկման անհրաժեշտության մասին:
Ռուբեն Վարդանյանն գլխավորությամբ ստեղծվել է օպերատիվ շտաբ, որը գործելու է 24-ժամյա ռեժիմով՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ կապող ճանապարհի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակում աշխատանքների համակարգման նպատակով: