Եթե աշխարհաքաղաքական հանգամանքները հօգուտ Հայաստանի դասավորվեն, և Թուրքիայի հետ սահմանը բացվի, ապա Հայաստանի բոլոր տնտեսավարողները կզգան դրա դրական էֆեկտը: Քերոբյանը նման տեսակետ է հայտնել «Արմենպրեսի» հետ զրույցում՝ անդրադառնալով Թուրքիայի կողմից վերջերս Հայաստանի հետ ուղիղ օդային բեռնափոխադրումների իրականացման արգելքը հանելու որոշմանը և Հայաստանի տնտեսության վրա դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ հարցին:
«Մեր տեղեկություններով դեռևս կանոնավոր օդային բեռնափոխադրումներ տեղի չեն ունենում: Եվ, ճիշտն ասած, հաշվի առնելով երկրների իրար մոտ լինելը՝ հավանական է, որ չլինեն էլ, քանի որ տրանսպորտային կապը ցամաքով՝ Վրաստանի միջոցով, բավականին մատչելի է: Եվ օդային հաղորդակցությունն առաջին հայացքից այդքան էլ գրավիչ չէ»,- ասել է Քերոբյանը:
Իսկ ինչ վերաբերվում է Թուրքիայի հետ սահմանի հնարավոր բացման ազդեցությանը տնտեսության վրա՝ Քերոբյանն ասել է. «Թուրքիայի հետ սահմանի բացումը հանգեցնելու է տնտեսական բարձր աճի»:
Անդրադառնալով սահմանի բացման պայմաններում Հայաստանի արտադրողների համար հնարավոր ռիսկերի վերաբերյալ հարցին՝ նա նշել է, որ բնականաբար ռիսկեր էլ կլինեն, բայց կառավարությունը լուրջ աշխատանք է կատարում:
«Անցյալ տարվա տվյալներով՝ 56 մլրդ դրամի գործարք ենք ֆինանսավորել, որի արդյունքում 901 պայմանագիր է կնքվել՝ նոր սարքավորումների ձեռքբերման և բիզնեսներում օգտագործման համար»,- ընդգծել է Քերոբյանը:
Հունվարի 6-ին ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտարարել էր 2023թ․ հունվարի 1-ից Թուրքիայի և Հայաստանի միջև ապրանքների ուղիղ օդային փոխադրումների արգելքը վերացնելու մասին։ «Թուրքական կողմը մեզ տեղեկացրել է ապրանքների ուղիղ օդային փոխադրումների արգելքի վերացման մասին»,- ասել էր նա և հիշեցրել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքների ուղիղ օդային փոխադրումների իրականացումը «2022 թվականի հուլիսյան հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածություններից մեկն է։