Պատկերացրեք՝ ինչպիսի ոռնոց կբարձրացնեին վարձու լրագրողները, խմբագիրները, գրչակները, եթե այսօր որևէ զորամաս վաճառվեր: ԱԺ-ում տեղի ունեցած քառօրյա նիստի ժամանակ այս մասին ասաց ՔՊ խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հարցի քննարկմանը:
Նրա խոսքով՝ այդպիսի ոռնոց չի բարձրացել 2010-ականներին, քանի որ, ըստ նրա, նաև վերոնշյալ շրջանականերն են ներգրավված եղել նման գործընթացներում:
«Այդ նույն շրջանակներն այսօր սոցցանցերում նկար են գցում ու ասում՝ մեր զինվորն ինչո՞ւ է այսօր տնակի կամ վրանի մեջ: Տնակի ու վրանի մեջ է, որովհետև զորանոցը ծախել ու կերել եք: Եթե չծախեիք, չուտեիք, այսպես չէր լինի: Այստեղ խոսքը փողի մասին չէ: Խոսքը պետականության ոչնչացման մասին է: Ասում եք՝ մեր մարտունակ բանակը, տե՞նց եք մարտունակ բանակ պահել: Այս ամենի հիմքում «մեր դեմ խաղ չկա, ինչ ուզենք կանենք» տրամաբանությունն է եղել: Այս մարդիկ չեն պատկերացրել, որ գալու է պատասխան տալու ժամանակը»,-ասաց Պապոյանը:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այսօր ԱԺ նիստում ներկայացրեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում սկսելու հիմքերը:
Ըստ դատախազի միջնորդագրի՝ Սեյրան Օհանյանը, պաշտպանության նախարար եղած ժամանակ, օգտագործելով պաշտոնեական դիրքը, ՊՆ հաշվեկշռում հաշվառված և ի պաշտոնե իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի Արարատի մարզի Արմաշ համայնքի Երևանյան խճուղու 24/1 և 1/4 Գ հասցեներում գտնվող հատուկ նշանակության հողամասերը և դրանց վրա առկա շինությունները շահադիտական նպատակով դարձրել է այլ անձինը՝ այդ կերպ վատնման եղանակով հափշտակելով դրանք:
Ավելի վաղ ԱԺ նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Armenia Today-ին հայտնել էր, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը միջնորդություններ է ստացել գլխավոր դատախազից՝ համաձայնություն տալու Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական գործ հարուցելուն:
Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հունվարի 20-ին ՀՀ ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին է ներկայացրել ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին երեք միջնորդագիր:
Մանրամասները՝ տեսանյութում: