Թվով 59 անհայտ կորած զինծառայողի ընտանիքի աջակցության տրամադրումը կերկարաձգվի մինչև մարտ: Համապատասխան որոշումն ընդունվեց կառվարության փետրվարի 9-ի նիստում:
Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով անհայտ կորած զինծառայողների ընտանիքների աջակցության միջոցառումը հաստատելու մասին որոշմամբ նախատեսված էր մինչև 2022թ. դեկտեմբեր ամիսը ներառյալ ամենամսյա դրամական վճարի ձևով սոցիալական աջակցության տրամադրում զինծառայողի ընտանիքին՝ ամսական 300 000 դրամի չափով, սակայն ոչ ավել, քան մինչև անհայտ կորած զինծառայողին դատական կարգով անհայտ բացակայող ճանաչելը:
Որոշման համաձայն` գտնվելու վայրն անհայտ զինծառայողների ընտանիքներին ամենամսյա դրամական վճարի տրամադրումը դադարեցվում է, եթե ամենամսյա դրամական վճարը վճարվել է մինչև 2022 թվականի դեկտեմբեր ամիսը ներառյալ, որի արդյունքում 06.02.2023թ. դրությամբ դեռևս անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտեր չունեցող թվով 59 անհայտ կորած համարվող զինծառայողների ընտանիքների աջակցության տրամադրումը դադարեցվել է 2023թ. հունվարի 1-ից: Այսպիսով՝ աջակցության վճարման ժամկետը երկարաձգելու է մինչև 2023 թվականի փետրվար ամիսը ներառյալ:
Որոշման նախագծով նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2023թ. փետրվար ամիսը նրառյալ, ինչպես նաև հանձնարարվում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ներկայացնել առաջարկություն՝ գործընթացի ֆինանսավորման վերաբերյալ:
Ըստ նախագծի՝ ֆինանսական հաշվարկը 2023 թվականի հունվար-փետրվար ամիսների համար կազմում է 35.400.000 ՀՀ դրամ: Անհրաժեշտ միջոցները նախատեսվում է ներգրավել 2023 թվականի պետական բյուջեով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացված միջոցների վերաբաշխումների հաշվին:
Ամսական 300.000 դրամի չափով աջակցության երկարաձգման համար դիմում պետք է ներկայացնել մինչև 2023 թվականի մարտի 10-ը: