Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերին, թե Բաքվին անհանգստացնում է սահմանին ռուսական զորքերի թվի աճը, և ԵՄ առաքելությունը տեղում կկարողանա համոզվել այդ մտավախությունների մտացածին լինելու մեջ։
«Երբեք չենք լսել Բաքվի մտավախություններն ու հավակնություններն այդ կապակցությամբ, միևնույն ժամանակ գիտենք Ադրբեջանի քննադատական վերաբերմունքի մասին Հայաստանում իր դիտորդական առաքելությունը ծավալելու ԵՄ որոշման նկատմամբ», – հայտարարել է ռուսական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Նա հավելել է, որ եթե նման հայտարարությունները փորձ են արդարացնելու ԵՄ — ի ձգձգումը տարածաշրջան, ապա «հազիվ թե այդ փորձը կարելի է հաջողված համարել»:
«Ակնհայտ է, որ Բրյուսելում նպատակ են դնում փոխել անվտանգության համակարգը, որը ստեղծվել է տարածաշրջանում, դրա անկյունաքարը ռուս զինվորականների և սահմանապահների ներկայությունն է, նաև Հայաստանի անդամակցությունը ՀԱՊԿ – ին, և, բնականաբար, այն ոգին, որը դրսևորվել է, քաղաքական կամքը, անվանեք ինչպես ուզում եք, այն որոշումների գործնականում իրագործումը, որոնք ձեռք են բերվել երեք երկրների միջև, նույնպես անվտանգության համակարգի ընդհանուր պատկերի զգալի մասն է», – ընդգծել է Զախարովան:
Ռուս դիվանագետը նաև հույս է հայտնել, որ Երևանում դա հասկանում և հաշվի են առնում։ «Մենք բաց ենք հայ գործընկերների հետ երկխոսության համար Անդրկովկասում կայունության պահպանման միջոցառումների կատարելագործման հարցում ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերում, ներառյալ ՀԱՊԿ շրջանակներում համապատասխան մշակումները», – նշել է նա:
Ռուս դիվանագետն ընդգծել է, որ ռուս խաղաղապահները խաղաղություն են ապահովում Լեռնային Ղարաբաղում, ռուս զինվորականներն ու սահմանապահներն աշխատում են Հայաստանի տարածքում, այդ թվում` հայկական` ադրբեջանական սահմանին։
Ավելի վաղ Փաշինյանը, բացատրելով ՀԱՊԿ-ի փոխարեն ԵՄ առաքելության ընտրությունը, հիշատակել էր սահմանին ԵՄ մոնիթորինգային առաքելության տեղակայման մի կարևոր նրբության մասին: Բաքուն, նրա խոսքով, տարբեր միջազգային հարթակներում իր ագրեսիվ գործողությունները բացատրում է նրանով, որ Հայաստանն իբր ավելի ու ավելի շատ ռուսական զորքեր է ներգրավում սահման` Ադրբեջանի վրա հարձակվելու նպատակով։ ԵՄ առաքելությունը տեղում համոզվելու է, որ այդ հայտարարությունները մտացածին են, ասել է Փաշինյանը։