Ոստիկանությունը մանրամասներ է ներկայացրել թրաֆիքինգի դեպքի կապակցությամբ, որի հետևանքով տարեց կնոջը 10 տարի շարունակ ստիպել են մուրացկանությամբ զբաղվել։ Կասկածյալները ձերբակալվել են, հայտնում են ոստիկանության մամուլի ծառայությունից։
Ըստ հաղորդագրության՝ 2009 թվականին կինը վարձով է բնակվել Ծարավ աղբյուրի փողոցի սեփական տներից մեկում, որտեղ ծանոթացել է մեկ այլ վարձակալի հետ: Կինը նշյալ վարձակալին խնդրել է սարքել իր մոր գերեզմանը:
Ըստ գործի նյութերի` կողմերը գնի շուրջ նախապես չեն պայմանավորվել, իսկ հետո տղամարդը պահանջել է երեք հազար դոլար (1,179,000 դրամ): Կինն այդ գումարը չի ունեցել, և տղամարդը կնոջը դրդել է զբաղվել մուրացկանությամբ:
«Եթե հաշվի առնենք, որ կինը մուրացկանությամբ ամեն օր վաստակում էր առնվազն 35-40 հազար դրամ, ապա պարտքը պետք է արագ փակեր: Բայց տղամարդու նպատակն այլ էր. կինն այլևս ոչ թե պարտապան էր, այլ գումար վաստակելու միջոց»,-նշվում է հաղորդագրության մեջ։
Ոստիկանները պարզել են նաև, որ ենթադրյալ հանցագործը զոհին այլ նպատակների համար ևս օգտագործել է։ Մուրացկանության դրդելուց զատ` տղամարդը կնոջը հաշվառել է Բյուրեղավան քաղաքում, նրա անունով ձևակերպել կենսաթոշակ և վերջին երեք տարում ինքն է ստացել թոշակը:
Զոհի խոսքերով ինքը նախկինում մի քանի անգամ փորձել է փախչել տղամարդուց, սակայն նա իրեն գտել է, ծեծել ու սպառնացել:
Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են տարեց կնոջ անձնագիրն ու սոցիալական քարտը: Ամուսինների բնակության վայրում կատարված խուզարկության արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են կնոջ կենսաթոշակի բանկային քարտը, ավելի քան 70 հազար դոլար (27,545,000 դրամ), ինչպես նաև տեսակավորած և առանձին պարկերում լցրած մետաղադրամներ` որոնց ընդհանուր գումարը կազմել է 1 միլիոն 299 հազար 750 դրամ (մոտավորապես՝ 3300 դոլար):
Փետրվարի 7-ին քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ամուսինները ձերբակալվել են: Տղամարդուն ներկայացվել է մեղադրանք: Նա կալանավորվել է: Նշենք, որ 188-րդ հոդվածի 1-ին մասը ենթադրում է պատիժ` ազատազրկում հինգից ութ տարի ժամկետով:
Իրավապահները տարեց կնոջը տեղավորել են հատուկ կացարանում: