Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները Դուբայ-Երևան չվերթով ՀՀ ժամանած քաղաքացու մոտ հայտնաբերել են ադամանդներ։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊԵԿ-ը։
Աղբյուրը հայտնում է, որ քաղաքացին՝ կազմակերպության կողմից տրված լիազորագրով, ժամանակավոր պահպանության է հանձնել շուրջ 3367.2 կարատ մշակված ադամանդ՝ համաձայն ուղեկցող փաստաթղթերի, սակայն թաքցրել է մյուս մասը։ Կասկածներ ունենալով` ՀՀ ՊԵԿ աշխատակիցները զննման են ենթարկվել վերոնշյալ քաղաքացու ուղեբեռը․ տեսազննման արդյունքում վերջինիս ճամպրուկում հայտնաբերվել են ընդհանուր 3 գր կշռով թափանցիկ ադամանդանման քարեր, որոնք թաքցված են եղել փղե արձանիկում առկա 2 պոլիէթիլենային տոպրակի մեջ:
Բացի այդ, ճամպրուկի մեջ առկա ջինսե տաբատի գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային տոպրակների մեջ թաքցված 1 թափանցիկ ադամանդանման քար՝ ընդհանուր մինչև 1 գր կշռով և խաղալիք ավտոմեքենայի տուփի տակի հատվածում թաքցված թանկարժեք քարերի ստանդարտների համապատասխանության սերտեֆիկատ։ Ձեռքի պայուսակի մաքսային զննման արդյունքում պարզվել է, որ քաղաքացու դրամապանակի գրպանիկում առկա են 2 պոլիէթիլենային տոպրակի մեջ թաքցված թափանցիկ ադամանդանման քարեր՝ ընդհանուր մինչև 4 գր կշռով։
ՊԵԿ-ը հայտնում է, որ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 313-րդ հոդվածի հատկանիշներով (ՀՀ պետական սահմանով մաքսային հսկողության ներքո գտնվող ապրանքների տեղափոխումը` մաքսային հսկողությունից թաքցնելով, գաղտնարանների օգտագործմամբ, ապրանքների հայտնաբերումը դժվարացնող այլ եղանակներով կամ ապրանքներին այլ տեսք տալու միջոցով)։ Նշված խախտումը հանցագործության հատկանիշների բացակայության դեպքում առաջացնում է տուգանք` այդ ապրանքների մաքսային արժեքի հիսուն տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն դրամը: