Տրամաբանորեն Թուրքիան պետք է մեղմի իր հավակնոտ պահվածքը ավերիչ երկրաշարժից հետո ոչ միայն տարածաշրջանում, այլ համամոլորակային իմաստով։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը՝ նշելով, որ վերջին տարիներին Թուրքիայի քաղաքականությունը դուրս էր եկել տարածաշրջանից ու վարում էր համաշխարհային, համամոլորակային բնույթ։
«Լինելով տարածաշրջանային միջին պետություն՝ Թուրքիան ուզում էր իր գլխից վեր թռչել։ Իսկապես մեծ են երկրաշարժի մարդկային ու նյութական կորուստները։ Թուրքիան այդ կորուստները վերականգնելու համար միջոցների կարիք ունի»,- ասաց Սաֆրաստյանը։ Նա նշեց, որ Թուրքիան մշտապես փորձել է համաշխարհային քաղաքականության մեջ զբաղեցնել իր տեղը, դրանով է պայմանավորված նրա ծավալապաշտական և արկածախնդրական արտաքին քաղաքականությունը՝ հիմնված «ավանտյուրայի» վրա։
«Այն միջոցները, որոնք Թուրքիան ուներ որպես միջին պետություն, նա մսխում էր այդպիսի ավանտյուրաների վրա։ Եթե Էրդողանի կառավարման 20 տարիների ընթացքում այդ միջոցներն ուղղեին այն տարածաշրջան, որտեղ տեղի ունեցավ երկրաշարժ, այսինքն՝ Թուրքիայի ամենաթույլ զարգացած տարածքներից մեկի ենթակառուցվածքների և սոցիալական համակարգի զարգացմանը, ապա համոզված եմ, որ այդպիսի մեծ ավերածություն չէր լինի»,- ասաց թուրքագետը։
Խոսելով Անիի կամուրջով հայ-թուրքական կապի ապահովման մասին, Սաֆրաստյանն ասաց, որ այն միջնադարյան կիսաքանդ վիճակում գտնվող ենթակառուցվածք է, որն ավելի շուտ պատմամշակույթային արժեք ունի և չի կարող օգտագործվել ապրանքների տեղափոխման համար։
«Դա էլ հենց թուրքական կողմի քաղաքականության հետևանքն է, երբ ամեն ինչ անում են, որ լուրջ քայլ չանեն սահմանը բացելու ուղղությամբ»,- ասաց թուրքագետը։
Ինչ վերաբերում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի՝ Թուրքիա մեկնելուն, ապա Սաֆրաստյանն այն չի ընկալում որպես բեկումնային կետ հայ-թուրքական հարաբերություններում։
«Չգիտեմ, թե ինչ է քննարկվել Թուրքիայում, բայց այն ինչ հայտարարվեց պաշտոնապես, դրանում շրջադարձային ոչ մի բան չկա։ Իսկ շրջադարձային կլինի այն, երբ Թուրքիան կհայտարարի, որ ինքը պատրաստ է Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել, սահմանը բացել առանց նախապայմանների»,- ասաց մեր զրուցակիցը։
Մեր հարցին, թե արդյո՞ք հայկական կողմից բավարար են նախապայմանների չեղարկմանն ուղղված քայլերը, Սաֆրաստյանը պատասխանեց, որ եթե մինչ այժմ չի ստորագրվել որևէ փաստաթուղթ, ուրեմն Հայաստանը չի գնացել որևէ զիջման։
Հիշեցնենք, որ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Թուրքիա այցից հետո հայտարարեց, որ թուրքական կողմի հետ որոշում կա արագացնել սահմանների վերջնական բացման շուրջ երկխոսության գործընթացը։
Նրա գլխավորած պատվիրակությունը փետրվարի 15-ին ժամանել էր Անկարա, օդանավակայանում նրան դիմավորել էր Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարավորման բանակցություններում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը:
Այս այցը մեկ տարվա ընթացքում Հայաստանի արտգործնախարարի երկրորդ այցն էր Թուրքիա։ 2022 թվականի մարտին նա Անթալիայում մասնակցել է դիվանագիտական ֆորումին, որտեղ նույնպես բանակցություններ է վարել Չավուշօղլուի հետ, ինչպես այս այցին։
Հիշեցնենք, որ փետրվարի 6-ի առավոտյան 7,8 մագնիտուդով երկրաշարժը տեղի է ունեցել Թուրքիայի հարավ-արևելյան հատվածում և Սիրիայի հյուսիսում: Հաջորդ օրը Թուրքիայի կենտրոնական հատվածում 7 բալ ուժգնությամբ նոր հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ և հայտնել, որ Հայաստանը պատրաստ է օգնություն ցուցաբերել: Հայաստանի ներքին գործերի նախարարությունը փետրվարի 7-ին հաղորդել է երկրաշարժից տուժած շրջաններում որոնողափրկարարական աշխատանքներին աջակցելու նպատակով Սիրիա և Թուրքիա փրկարարական ջոկատներ ուղարկելու մասին:
Արաքսյա Սնխչյան