Ապրիլի 4-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա ջութակահարուհի Մարիա Դուենյասի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգը, որով կներկայացնեն Յոհաննես Բրամսի ստեղծագործությունները։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի Facebook-յան էջից:
Համերգը կղեկավարի դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Համերգի ծրագրում ընդգրկված են՝ «Յոհաննես Բրամս․ Վարիացիաներ Յոզեֆ Հայդնի թեմայով, երկ 56ա», «Յոհաննես Բրամս․ Ջութակի կոնցերտ ռե մաժոր, երկ 77»: Մենակատարը Մարիա Դուենյասն (ջութակ) է, դիրիժորը՝ Սերգեյ Սմբատյանը:
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբից հայտնում են նաև, որ 2021թ․ Մենուհինի անվան ջութակի մրցույթում իսպանացի ջութակահարուհի Մարիա Դուենյասն արժանացել է առաջին և «հանդիսատեսի համակրանք» մրցանակներին, ինչպես նաև Ստրադիվարիուսի «ոսկեդարյան» շրջանի ջութակի փոխառության իրավունքի։ 2022թ․ Մարիան բացառիկ պայմանագիր է կնքել Deutsche Grammophon-ի հետ և սկավառակների ժողովածուների թողարկումը կսկսի Բեթհովենի Ջութակի կոնցերտի ձայնագրությամբ։