Այսօր ավելի վաղ ձերբակալված ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ազատ է արձակվել։ Այս մասին հայտնել է վերջինիս փաստաբան Րաֆֆի Ասլանյանը։
«Գոնե ինձ համար տեսանելի է, որ կատարված ապացուցողական գործողությունների արդյունքում պարեկների նկատմամբ բռնություն գործադրելու կասկածը չի հաստատվում»,-գրել է փաստաբանը։
Այսօր ավելի վաղ հայտնել էինք, որ ձերբակալվել է ԵՊՀ դասախոս, քաղաքացիական իրավունքի ամբիոնի դոցենտ, փաստաբան, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։ Վերջինս ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 3-րդ մասով (Պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելը՝ բռնության գործադրմամբ) նախատեսված հանցավոր արարքի կատարման մեջ հիմնավոր կասկածի հիմքով։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Ըստ ոստիկանության պարզաբանման՝ Գ․ Պետրոսյանը մեքենան վարել է անկանոն, չի ենթարկվել պարեկների բարձրախոսով հնչեցրած «կանգ առ» օրինական պահանջին, հնչեցրել է սպառնալիքներ։ Գ.Պետրոսյանի փաստաբան Ռաֆֆի Ասլանյանը նշել է, որ նա որևէ հանցանք չի կատարել, այդ թվում՝ պարեկների նկատմամբ բռնություն չի գործադրել։