ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը ժամանել է Հայաստան։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը՝ տեղեկացնելով, որ տարբեր հանդիպումներ են նախատեսվում։
Անի Բադալյանը նշեց նաև, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հանդիպելու է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ։
Հիշեցնենք, որ մարտի 10-ին ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը հայտարարել էր, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի տեղակալի իր քվոտայից հրաժարվելու առաջարկ է ներկայացրել:
Մարտի 14-ին տված մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ մենք հաճույքով կստանձնենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնը, եթե այդ պաշտոնի ստանձմամբ չստացվի, որ մենք մեր ժողովրդին սխալ ուղերձ ենք հղում, եթե դա նշանակի ՀՀ անվտանգության ապահովման ևս մի գործոն ապահովել: «Եթե դա սա չի նշանակելու, ապա մենք նման քայլ անելու իմաստ չենք տեսնում՝ առնվազն մեր ժողովրդի հետ ազնիվ լինելու տրամաբանությունից»,- ասել էր վարչապետը:
2022-ի նոյեմբերին Փաշինյանը հրաժարվել էր ստորագրել Հայաստանին օգնություն ցուցաբերելու մասին ՀԱՊԿ որոշման նախագիծը։ Հավելենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը այս տարվա հունվարի 10-ին մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Հայաստանը նպատակահարմար չի գտնում ՀԱՊԿ «Անխորտակելի եղբայրություն-2023» զորավարժությունների անցկացումն իր տարածքում։