Կասկադում այլևս ոչ մի ծառ չի հատվելու։ Այս մասին Armenia Today-ի հետ զրույցում երեկ ուշ երեկոյան ասաց Բժշկական գիտությունների թեկնածու, Երևանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը։ Նա հայտնեց, որ պահանջել է բոլոր համապատասխան փաստաթղթերը և ստանալուն պես կհրապարակի:
Նոր որոշման մասին մանրամասներ ճշտելու նպատակով Armenia Toda-ը կապ հաստատեց քաղաքապետարանի լրատվական վարչության հետ, որտեղից հայտնեցին, որ նման որոշում չկա:
«Որևէ նոր որոշում չկա, այն, ինչ նախատեսված է, ընթացքով արվում է: Այս պահին Կասկադի տարածքում ծառատունկ է»,- ասաց վարչության ներկայացուցիչը:
Պարզաբանում ստանալու նպատակով Armenia Today-ը կրկին կապ հաստատեց Քրիստինա Վարդանյանի հետ, որը հավաստիացրեց, որ Կասկադում այլևս որևէ ծառ չի կտրվելու:
«Սպասում եմ իմ նամակի պատասխանին, գիտեք, թե ինչպես է աշխատում քաղաքապետարանը…»,- ասաց նա: «Նրանք երեկ պետք է անցնեին Մոսկովյան փողոցին ու կտրեին Կասկադի ծառերը, ոչ մի բան չեն անելու, հանգիստ եղեք, այնտեղ հատման ենթակա ծառ չկա»:
Վարդանյանը պատասխանեց նաև երեկ իր հասցեին հնչող մեղադրանքներին, թե քաղաքական ուղղորդված արշավ է սկսել գործող ղեկավարության դեմ: Նա նշեց, որ քաղաքականապես ազատ է, մտահոգված է լոկ բնապահպանական և առողջապահական խնդիրներով:
«Ես չեմ ուզում սրել իրավիճակը, ես առաջին հերթին բժիշկ եմ ու նաև իրենց եմ դիտարկում որպես պոտենցիալ պացիենտ: Լավ թե վատ, այդ ծառերը կատարում էին իրենց ֆունկցիան: Սպասել 10 տարի, որ նոր ծառերը սաղարթ ձևավորեն… Հազարավոր դատարկ բնաբաժակներ կան, գնայիք-տնկեիք»,- եզրափակեց Վարդանյանը:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը Կասկադում՝ Թամանյանի արձանի հարակից տարածքում, ծառերի զանգվածային հատման աշխատանքներ է իրականացնում։ Գերատեսչության որոշմամբ տարածքի գրեթե բոլոր ծառերը կտրվում են, հանվում են դրանց արմատները։ Իսկ դրանց փոխարեն նույն հորերում տնկվելու են նոր՝ սակուրա ռոյալ տեսակի ծառեր։ Հատման աշխատանքները դժգոհության առիթ են դարձել Կենտրոն վարչական շրջանի բնակիչների, հասարակական գործիչների ու էկոլոգների շրջանում: