Կանադայի արտաքին գործերի նախարար Մելանի Ժոլին կոչ է արել Ադրբեջանին բացել Լաչինի միջանցքը և ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։ Այդ մասին նա հայտարարել է երկրի խորհրդարանում լսումների ժամանակ՝ մեկնաբանելով պատգամավոր Ժան Յիպի խնդրանքը՝ ներկայացնելու Կանադայի կառավարության ձեռնարկած քայլերն այս հարցում։
Խորհրդարանում քննարկումների ժամանակ պատգամավոր Յիպը ներկայացրել է Կանադայի հայ համայնքի մտահոգությունը՝ կապված Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններում աճող լարվածության և Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ։ Պատգամավորը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքն արդեն 100 օրից ավելի արգելափակված է, ինչը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի։
«Կիսում եմ Կանադայի և Լեռնային Ղարաբաղի հայերի մտահոգությունը։ Մենք շարունակում ենք կոչ անել Ադրբեջանի իշխանություններին բացել Լաչինի միջանցքը, մենք պետք է կանխենք հումանիտար ճգնաժամի սրումը. Կանադան աջակցում է 2020 թվականի հրադադարի հայտարարությանը՝ ներառյալ հայ ռազմագերիների վերադարձին»,- պատասխանել է Ժոլին։
Կանադայի արտգործնախարարն ընդգծել է, որ անհրաժեշտ է պահպանել հրադադարի ռեժիմը, ինչին աջակցում է նաև ԵՄ առաքելությունը։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ` «բնապահպանական» պատճառաբանություններով ժամը 10:30-ից փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղու Շուշի-Քարին տակ հատվածը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: Այսօրվա դրությամբ ճանապարհը շարունակում է փակ մնալ: Արցախի ԱԽ նիստում որոշում է կայացվել դիմել ՌԴ Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը՝ անընդունելի համարելով միջանցքի փակումը, որը բերելու է Արցախում հումանիտար աղետի: