Պուտինը չի գա Հայաստան, ոչ էլ Հայաստանը կձերբակալի նրան։ Այս մասին Factor.am-ի զրույցում նշել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանը։
«Ավելի լավ է Պուտինը մնա իր երկրում, և այդ խնդիրները կլուծվեն։ Եթե մենք մտնում ենք այդ պայմանավորվածությունների մեջ, պետք է կատարենք դրանք, իսկ Ռուսաստանը թող իր խնդիրները լուծի։ Եթե Պուտինը գա Հայաստան, պետք է կալանավորվի»,-հայտարարեց նա։
Հայաստանի Սահմանադրական դատարանը մարտի 24-ին Հռոմի կանոնադրությունը ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող:
ՀՀ կառավարությունը դատարան է դիմել 2022 թվականի դեկտեմբերի վերջին։ Այս որոշումը արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը բացատրել է նրանով, որ Երևանը հնարավորություն կստանա ռազմական հանցագործությունների դեմ հայցեր ներկայացնել ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարան: Կանոնադրության վավերացման անհրաժեշտությունը, Մինասյանի խոսքով, առաջացել է 2021 թվականի մայիսից սկսված և 2022 թվականի սեպտեմբերի 13-ին շարունակվող Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայի հետ կապված, որի արդյունքում օկուպացվել են Հայաստանի ինքնիշխան տարածքները։ Նա հիշեցրել է, որ Հայաստանը Հռոմի կանոնադրությունը ստորագրել է 1999 թվականի հոկտեմբերի 1-ին, սակայն փաստաթուղթը չի վավերացվել, քանի որ Հայաստանի Սահմանադրական դատարանը 2004 թվականի օգոստոսի 13-ին այն ճանաչել է Սահմանադրությանը հակասող: Արդարադատության նախարարը հիշեցրել է, որ Հռոմի կանոնադրությունը ՄԱԿ-ի Միջազգային քրեական դատարանի հիմնադիր փաստաթուղթն է, որտեղ քննվում են ծանր հանցագործությունները: Հռոմի կանոնադրության 5 – րդ հոդվածը սահմանում է այդ հանցագործությունների շրջանակը՝ ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություններ, պատերազմական հանցագործություններ, ագրեսիա և այլն:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը տեղեկացրել է, որ, վավերացնելով Հռոմի կանոնադրությունը, Հայաստանը հնարավորություն կստանա ՄԱԿ – ի Միջազգային քրեական դատարանում արդեն նոր կարգավիճակով բարձրացնել ադրբեջանական զինված ուժերի ռազմական հանցագործությունների և Հայաստանի ու նրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի հարցը, ինչպես նաև կարող է քրեական պատասխանատվության ենթարկել ագրեսորին՝ անկախ այն բանից՝ նա միացել է այդ միջազգային փաստաթղթին, թե ոչ:
Ավելի վաղ Հաագայի Միջազգային քրեական դատարանը (կապված չէ ՄԱԿ-ի ՄՔԴ-ի հետ), որը նույնպես ստեղծվել է Հռոմի կանոնադրության հիման վրա, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալման օրդեր է տվել: Դատարանն այս որոշումը կայացրել է «Ուկրաինայի՝ Ռուսաստանի կողմից գրավված հատվածներից մարդկանց անօրինական արտաքսման» գործի քննության շրջանակներում, ինչը, դատարանի կարծիքով, վնաս է հասցրել ուկրաինացի երեխաներին: