Հայկական ծագում ունեցող ռուսաստանցի մարզիկ, օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոնՌուսաստանցի մարմնամարզիկ Արթուր Դալալոյանը հայտարարել է, որ մարզական քաղաքացիությունը փոխելու առաջարկ չի ստացել: Այս մասին հաղորդում է «Матч ТВ»-ն:
«Չեմ խորամանկելու, ոչ մի քննարկում և առաջարկ ինձ չի ներկայացվել։ Ես չգիտեմ, թե որտեղից են այդ լուրերը: Ոչ մի քննարկում չի կարող լինել։ Ես երբեք չեմ դիտարկել այլ երկրի համար հանդես գալու հնարավորությունը։ Ես մեծացել եմ Ռուսաստանում և անչափ շնորհակալ եմ այդ երկրին իմ զարգացման և կարիերայի մեջ ունեցած ավանդի համար»,-Դալալոյանի խոսքը մեջբերել է պարբերականը։
Մարմնամարզության Ռուսաստանի հավաքականի մարզիչ Վալենտինա Ռոդիոնենկոն ապրիլի 17-ին հայտարարել է, որ Դալալոյանին առաջարկել են տեղափոխվել Հայաստանի հավաքական:
«Առաջարկը եղել է ո՛չ մեր, ո՛չ ֆեդերացիայի, ո՛չ էլ նախարարության միջոցով։ Անձնական առաջարկ է եղել։ Այն, որ նրանք մերժում են ստացել, միանգամայն բնական է և օրինաչափ»,-ասել է Ռոդիոնենկոն։
Ավելի ուշ սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականի մարզիչ Հակոբ Սերոբյանը հերքել է ռուս մարմնամարզիկի մարզական քաղաքացիությունը փոխելու առաջարկը: Նա նշել է, որ Հայաստանի մարմնամարզության ֆեդերացիայի կողմից որևէ առաջարկ մարզիկին չի արվել։