Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ:
«Այսօր մենք միանում ենք Կանադայի և ամբողջ աշխարհի հայ համայնքներին՝ նշելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը։ Մենք մտածում ենք 1915-1923 թվականներին հայ ժողովրդի դեմ իրականացված վայրագությունների մասին և հիշում նրանց, ովքեր զոհվեցին և բոլոր նրանց, ովքեր անասելի տառապանքներ կրեցին», – ասված է ուղերձում:
Թրյուդոն ընդգծել է, որ Կանադան ևս համերաշխ է զոհերի ժառանգների և բոլոր նրանց հետ, ովքեր շարունակում են ապրել այդ աներևակայելի ողբերգության հետևանքով սերնդեսերունդ փոխանցված տրավմայով: «Նրանց ուժն ու դիմացկունությունը հիշեցնում են մեզ ատելությանը դիմակայելու մեր հավաքական պատասխանատվության մասին՝ իր բոլոր ձևերով, երբ և որտեղ էլ որ այն դրսևորվի: Յուրաքանչյուր ոք արժանի է ապրել այնպիսի կյանքով, որը զերծ է խարաններից, հետապնդումներից և խտրականությունից», – հայտարարել է նա։
Վարչապետը նշել է, որ Կանադայում ապրիլը ցեղասպանության հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս է: Թրյուդոյի խոսքով՝ կանադացիների համար ժամանակն է հիշել ցեղասպանության բոլոր զոհերին ամբողջ աշխարհում, դատապարտել ատելությունը, որը հանգեցնում է այդ ողբերգությունների, և մտածել, թե ինչպես կարելի է կանխել դրանց կրկնությունը: Նա հայտարարել է, որ Կանադան միշտ հանդես կգա անարդարության, անհանդուրժողականության և այլատյացության դեմ և կշարունակի նպաստել խաղաղությանն ու արդարությանը բոլորի համար:
«Քանի որ մենք նշում ենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրը, ես կոչ եմ անում բոլոր կանադացիներին տեղեկանալ մարդկության պատմության այս մութ գլխի մասին, հարգանքի տուրք մատուցել զոհերին և համերաշխություն ցուցաբերել հայ համայնքին, այդ թվում՝ կանադահայերին, ովքեր շարունակում են օգնել Կանադան դարձնել այն ուժեղ և ներառական երկիրը, որը մենք գիտենք: Ես կոչ եմ անում բոլոր կանադացիներին ճանաչել Հայոց ցեղասպանությունը», – ասել է նա: Ուսուցման և երկխոսության միջոցով մենք կարող ենք այնպես անել, որ նման վայրագությունները այլևս երբեք չկրկնվեն, և մենք կարողանանք կառուցել նախապաշարմունքներից զերծ աշխարհ», – ասվում է հայտարարության մեջ:
Այսօր՝ ապրիլի 24-ին, լրացավ 20 – րդ դարի առաջին ցեղասպանության՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցը: Ապրիլի 24-ին հայերն ու ողջ քաղաքակիրթ աշխարհը հարգանքի տուրք են մատուցում ավելի քան մեկուկես միլիոն հայերի կյանք խլած մարդկության դեմ կատարված հրեշավոր հանցագործության զոհերի հիշատակին: