FlyONE Armenia ընկերության Փարիզ-Երևան չվերթի ինքնաթիռը ժամանել է Երևան: Այս մասին տեղեկանում ենք «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի կայքից: Ինքնաթիռը Երևանում վայրէջք է կատարել ապրիլի 30-ին՝ ժամը 03:14-ին:
FlyOne Armenia ավիաընկերության տնօրենների խորհրդի ղեկավար Արամ Անանյանն իր Facebook-յան էջում հայտնել է, որ FlyONE Armenia ընկերությունն արդեն ապահովել է Քիշնևում վայրէջք կատարած Փարիզ-Երևան չվերթի ուղևորների վերադարձը Երևան։
«Ավիաընկերությունն անելու է հնարավոր ամեն ինչ, որպեսզի մեր ուղևորների ճամփորդական ծրագրերը փոփոխություններ չունենան։ Ավիաընկերությունը իրավիճակի փոփոխության վերաբերյալ հավելյալ կտեղեկացնի ուղևորներին ու հանրությանը»,-գրել է Անանյանը։
Ավելի վաղ Արամ Անանյանը TACC-ին հայտնել էր, որ Փարիզ-Երևան չվերթը վայրէջք է կատարել Քիշնևում ՝ թուրքական կողմից հայկական ավիաընկերության համար օդային տարածքը փակելու պատճառով:
Երեկ հայտնի էր դարձել, որ Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել են FlyONE Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։