ԱՄՆ պետքարտուղարության իր անհանգստությունն է հայտնել հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու վերաբերյալ Թուրքիայի որոշման կապակցությամբ: Հայաստանի Հանրային հեռուստաընկերության հարցմանն ի պատասխան՝ Պետքարտուղարությունը նշել է, որ ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը:
«ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, ինչը լավ կլիներ ողջ տարածաշրջանի համար։ Մենք հիասթափությամբ ի գիտություն ընդունեցինք Թուրքիայի հայտարարությունն իր տարածքով հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու մասին։ Ավելի վաղ երկրների միջև ձեռք բերված համաձայնություններն ավիահաղորդակցության վերականգնման վերաբերյալ դարձել են վստահության ամրապնդման կարևոր միջոցներ։ Մենք անկեղծորեն հույս ունենք, որ Թուրքիան և Հայաստանը կկարողանան շարունակել վերականգնել տնտեսական կապերը և բացել տրանսպորտային հաղորդակցությունը»,- «Լուրերի» հարցմանն ի պատասխան նշել է ԱՄՆ պետքարտուղարությունը։
Հիշեցնենք, որ ըստ թուրքական կողմի, հայկական օդանավերի համար երկրի օդային տարածքը փակելու պատճառը Երևանում «Նեմեսիս» գործողության մասնակիցներին նվիրված հուշարձանի բացումն է եղել։
Ապրիլի 29-ին Թուրքիայի ավիացիոն իշխանություններն առանց նախօրոք տեղեկացնելու չեղարկել էին Flyone Armenia ավիաընկերությանը նախօրոք տրամադրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա չվերթեր իրականացնելու համար։
Ապրիլի 25-ին Երևանի Ալեք Մանուկյան փողոցում բացվեց 1915 թվականի Հայոց ցեղասպանության կազմակերպիչների, Օսմանյան կայսրության և Ադրբեջանի ղեկավարների դեմ հաշվեհարդարի գործողություններ իրականացրած «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանը։