Հասկանալի չէ, թե ինչո՞ւ է Սեյրան Օհանյանի և Գրիգորի Խաչատուրովի դատական նիստը տեղի ունենում փակ ընթացակարգով: Այս մասին Խաչատուրովի գործով դատական նիստին զուգահեռ, դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վաստակավոր արտիստ Հրանտ Թոխատյանը:
«Նրանք այն մարդիկ են, որ երկրին հաղթանակ են բերել և որոնցով սերունդներ են մեծացել, իսկ այսօր ամեն ինչ արվում է, որ մենք չունենանք այդ հերոսներին: Սա ուղղակի խայտառակություն է, նման բան անել չի կարելի»,- նշեց Թոխատյանը:
Նրա խոսքով՝ անկախությունից ի վեր մեր երկրում եղել է երկու ինստիտուտ, որոնք միշտ կայացած են եղել՝ եկեղեցին և բանակը: Նա նշեց, որ վերջին տարիներին ամեն ինչ արվում է այս կառույցները քարկոծելու համար:
«Սա արվում է բանակի հեղինակությունը հնարավորինս «պլիտուսի» մակարդակի հավասարեցնելու նպատակով: Նման բան անել չի կարելի: Չգիտեմ, թե իշխանությունն ինչ է պատրաստվում անել: Բայց այն, որ ամեն ինչ արվում է հայ ընտանիքում տղա երեխայի բանակ գնալն ամեն կերպ խոչընդոտելու համար, փաստ է»,- ասաց Թոխատյանը:
Վաստակավոր արտիստը նաև անդրադարձավ հայ հասարակության հնարավոր ընդվզմանը, որի հեռանկարն այս պահին հստակ չի տեսնում: Բայց նշում է, որ ինքը պատրաստ է կանգնել ինչպես զոհերի և անհետ կորածների ծնողների, այնպես էլ ցանկացած ընդվզող քաղաքացու կողքին:
Մանրամասները՝ տեսանյութում: