Հայաստանը մտադիր է օպերատոր դառնալ Իրանի Չաբահար նավահանգստում։ Սա բխում է մայիսի 8-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած որոշումից։
Փաստաթղթի համաձայն՝ վարչապետը որոշել է միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծել՝ նպատակ ունենալով «քննարկել միջազգային բեռնափոխադրումների մուլտիմոդալ արագընթաց երթուղու գործարկումը և իրանական Չաբահար նավահանգստում օպերատորի կարգավիճակ ստանալու հարցը»։
Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։ Նրան հանձնարարված է խմբի գործունեության վերջնական արդյունքները ներկայացնել մինչև 2023 թվականի նոյեմբերի 1-ը։
Չաբահար նավահանգիստը Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի առանցքային տարրերից մեկն է։ Մարտին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունից Armenia Today-ին հայտնել էին, որ ներկայումս դիտարկվում է Հայաստանի մասնակցության հնարավորությունը նոր տարանցիկ երթուղուն, որը Հնդկաստանը կկապի Եվրոպային։ Գործակալության տվյալներով՝ 2020 թվականից Հնդկաստանը քննարկում է նոր տարանցիկ երթուղու գործարկումը, որը կարող է անցկացվել հնդկական Մումբայ նավահանգստից մինչև իրանական Չաբահար նավահանգիստ, այնուհետև ցամաքային ճանապարհով՝ Հայաստանի և Վրաստանի տարածքով դեպի վրացական Սևծովային նավահանգիստներ.
Ավելի վաղ The Economic Times-ը հայտնել էր, որ Հայաստանը Հնդկաստանին առաջարկել է Պարսից ծոց-Սև ծով երթուղու երկայնքով առևտրային միջանցք կառուցել, որը հնդկական ընկերություններին կմիացնի Ռուսաստանի և Եվրոպայի հետ։ Տնտեսագետ Սուրեն Պարսյանը, մեկնաբանելով այս տեղեկությունը, Armenia Today-ին տված հարցազրույցում նշել էր, որ Հնդկաստանը շահագրգռված է Հայաստանը հզորացնել ինչպես տնտեսական, այնպես էլ ռազմական առումով։