Ի՞նչ է կատարվում Հայաստանի անշարժ գույքի շուկայում, ի՞նչ գործոններով է պայմանավորված պահանջարկի ու գների աճը, ի՞նչ միտումներ են սպասվում առաջիկայում: Armenia Today-ն ուսումնասիրել է կադաստրի պետական կոմիտեի տվյալները և ոլորտի ներկայացուցիչներին խնդրել գնահատել անշարժ գույքի շուկայում առկա իրավիճակը:
Հայաստանում անշարժ գույքի շուկայում գործարքների թիվը շարունակում է աճել: Կադաստրի պետական կոմիտեի վերջին տվյալներով` 2022-ի փետրվարի համեմատ 2023-ի փետրվարին իրականացված գործարքներն ավելի քան 17 տոկոսով ավելացել են: Աճ է գրանցվել թե´ Երևանում, թե´ մարզերի քաղաքային բնակավայրերում: Այս տարվա հունվարի համեմատ փետրվարին 19,4 տոկոսով աճել են նաև առուվաճառքի գործարքները:
Հատկանշական է, որ կադաստրի պետական կոմիտեի տվյալներով՝ 2023 թվականի փետրվարին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ բնակարանների առուվաճառքը 8,2 տոկսով նվազել է: Միևնույն ժամանակ Երաևնում բազմաբնակարան բնակելի շենքերի բնակարանների գները, 1 մետր քառակուսի մակարեսեի հաշվարկով 2023-ի փետրվարին 2022-ի նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 11,2 տոկսով:
«RED Invest Group» անշարժ գույքի գործակալության բիզնեսի զարգացման տնօրեն Հովհաննես Բասենցյանը ևս ընդգծել է շուկայի ակտիվության, պահանջարկի ու գների բարձրացման փաստի մասին և հայտնել, որ ի տարբերություն տների և առանձնատների, առավել մեծ պահանջարկ ունեն բնակարանները:
«Գները բարձրացել են։ Մեր ուսումնասիրություններով՝ մեկ տարվա մեջ գները մոտավորապես 10 տոկոսով են բարձրացել։ Սա պայմանավորված է եկամտահարկի հետվերադարձի մասին օրենքի ժամկետի հետ։ Այն մարդիկ, ովքեր ունեն եկամտահարկ ու գիտեն, որ 2025-ից հետո այդ օրենքով նախատեսված առավելություններից, փորձում են հիմիկվանից գծել տուն ձեռք բերելու սխեման»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հիմնականում հենց այս հանգամանքն է ազդում շուկայի աշխուժության ու գների վրա։
«Silver REA» անշարժ գույքի գործակալության հիմնադիր տնօրեն Անդրանիկ Հարությունովի դիտարկմամբ` անշարժ գույքի շուկայում պահանջարկը երկու գործոնով է պայմանավորված: Առաջինը փոխարժեքի տատանումներն են: Մարդիկ նախընտրում են տարադրամի խնայողություններով անշարժ գույք գնել և այս տեսանկյունից անշարժ գույք գնելն ու վարձակալության հանձնելը բավականին եկամտաբեր է: Մյուս գործոնը եկամտային հարկի հետվերադարձի մասին օրենքն է, որը կգործի մինչև 2025-ի ավարտը: Անդրադառնալով գներին` Անդրանիկ Հարությունովը մեկ այլ գործոնի մասին մատնանշեց:
«Ես գների որոշակի աճը պայմանավորում եմ շինանյութի և աշխատուժի թանկացման հետ։ Առաջնային շուկայում շատ են առաջարկները և մրցակցությունը ևս շատ մեծ է։ Այստեղ կատաղի մրցակցություն կա, ինչի հաշվին էլ գներն այդքան շատ չեն բարձրանում»,-ասաց Հարությունովը։
Հովհաննես Բասենցյանի խոսքով` օտարերկրացիների կողմից Հայաստանում տուն, բնակարան գնելու ցանկությունն էապես չի մեծացել: Նրա խոսքով` Ռուսաստանից ռելոկանտների ներհոսքը դեպի Հայաստան անշարժ գույքի շուկայում ազդեցություն է ունեցել հիմնականում վարձակալության շուկայի վրա, առուվաճառքի շուկայում այդ ազեցությունն աննշան է:
Համակարծիք է նաև Անդրանիկ Հարությունովը:
«Գույք գնող օտարերկրացիները շատ չեն, բայց կան։ Երբ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմը, հայտնվեցին ՌԴ քաղաքացիներ, ովքեր գալիս էին Ռուսաստանից Հայաստան, գույք էին ձեռք բերում, այն վարձակալության հանձնում իրենց հայրենակիցներին ու նորից գնում Ռուսաստան»,-նշեց Հարությունովը։
Անդրադառնալով վարձակալության շուկային, Անդրանիկ Հարությունովը նշեց, որ երբ Ռուսաստանից ներհոսքը նոր էր սկսվել, այս շուկայում 100, նույնիսկ 200 տոկոսով թանկացումներ են եղել, ինչից տուժել էին Հայաստանի քաղաքացիները:
«Քանի որ այս պահի դրությամբ չկա այն հոսքը, որը կար սկզբնական փուլում, գները նախորդ տարվա այս ժամանակահատվածի հետ համեմատ մոտավորապես 30-40 տոկոսով նվազել են, սակայն վարձակալության հին գներին չեն հասել։ Մենք եթե այստեղ որոշակի օրենսդրական բարեփոխումներ ունենայինք, մենք նման իրավիճակ չէինք ունենա։ Մենք պայմանագրերի հետ կապված խնդիրներ ունենք, մեր հայրենակիցները տուն վարձակալելուց պայմանագիր չեն կնքում, որն ուժ ունենալու համար անպայման պետք է նոտարացվի, վավերացվի կամ կնքվի Կադասրի կոմիտեում։ Սա անհրաժեշտ է, որպեսզի ինչ-որ մեկը չգա ու բնակչին չասի՝ «դու պետք է դուրս գաս բնակարանից, որովհետև որոշել եմ կրկնակի գնով վարձակալության հանձնել»»,-նշեց Հարությունովը։
Ոլորտի ներկայացուցչի համոզմամբ` վարձակալության շուկայում գների աճը պետք է զսպել օրենսդրական բարեփոխումների միջոցով:
Իսկ ի՞նչ սպասել անշարժ գույքի շուկայում ընդհանուր առմամբ. ոլորտի ներկայացուցիչների կանխատեսումներով` անշարժ գույքի շուկան 2023-ին դեռ ակտիվ կմնա: Նրանք չեն բացառում, որ բնակարանների ձեռքբերման պահանջարկի աճին զուգահեռ գները ևս կշարունակեն բարձրանալ, ինչի մասին փաստում են նաև պաշտոնական ցուցանիշները:
Աննա Բադալյան
Մանրամասները՝ տեսանյութում։