Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պատրաստ է Հայաստան ուղարկել 30 դիտորդ: Այս մասին մայիսի 24-ին կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Մենք ենթադրենք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չենք ճանաչում և եթե նա հարձակվի մեզ վրա, ՀԱՊԿ-ը կգա մեր կողքը կկանգնի, ՀԱՊԿ-ն էլ արդյունքում ասում է, որ կգամ ձեր կողքը կկանգնեմ, բայց 30 հոգի շատ ուժեղ դիտորդ կուղարկեմ, այստեղ որոշում պետք է կայացնենք»,- ասաց նա:
Փաշինյանն ասաց, թե Հայաստանի համար ինչ հետևանքներ կունենա Ադրբեջանի շարունակական հարձակումների պայմաններում, վերջինիս տարածքային ամբողջականությունը չճանաչելը և ՀԱՊԿ-ի դերը այդ հարցում։
«Մենք կարող ենք ասել, որ չենք ճանաչում Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ-ը և մեր կարծիքով Ադրբեջանը 45 700 քմ է, իրենք էլ կասեն, շատ լավ, մեր կարծիքով էլ Հայաստանը ոչ թե 29 800 քմ է, այլ 8 700 քմ է։ Նրանք, ովքեր ասում են, որ Ադրբեջանի տարածքը 86 600 քառակուսի կմ չէ, այլ մինուս իքս թիվ է, նրանք նաև ասում են, որ ՀՀ-ն 29 800 քմ չէ, այլ մինուս իքս թիվ է և այդ թվերը կախված են այդ օրը ՀԱՊԿ-ում առկա տրամադրություններից»,- ասաց Փաշինյանը։
Վարչապետը նշեց, որ վերահաստատում է ՀՀ-ի պատրաստակամությունը՝ ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։
«Ես այս ամբիոնից վերահաստատում եմ Բրյուսելում արձանագրված պայմանավորվածությունը, որ ՀՀ-ն ճանաչում է Ադրբեջանի 86 հազար 600 քառակուսի կմ-ը և ակնկալում եմ, որ Ադրբեջանն էլ կվերահաստատի, որ ճանաչում է ՀՀ-ի 29 հազար 800 քմ-ը»,- հավելեց նա։
Մարտի 31-ին ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովը հայտարարել էր, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման, իսկ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Հայաստանում ՀԱՊԿ առաքելության հնարավոր տեղակայման ժամկետները կախված են Երևանից: ՀԱՊԿ-ը նաև հայտնել էր, թե բացի դիտորդական առաքելությունից ինչ պայմաններ է առաջարկել ՀՀ-ին աջակցելու նախագծում։